Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի բնակարաններում խուզարկություններն իրականացվել են 2021 թ. հունիսի 7-ին թանգարան-ինստիտուտի ներկա տնօրեն Հարություն Մարությանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեմոյանի բնակարանում այսօր քննչական մարմինները խուզարկություն են իրականացրել։ Թե ինչ պատճառով, ՀՀ քննչական կոմիտեից չէին մանրամասնել։
Դեմոյանը նշել է, որ խուզարկությունները զուգահեռաբար իրականացվել են Երևանի և Գյումրու իր բնակարաններում`Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ:
Նա նշել է, որ դեռ 2021 թվականին ստացել է ծանուցում, ներկայացել է հարցաքննությունների, որոնք եղել են իր առաջարկով ու նախաձեռնությամբ:
«Գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանին հայտնել եմ, որ ներկայացված իբր հափշտակված իրերի ցանկը կեղծ է, և Հարություն Մարությանի կողմից նախաքննությանը ներկայացվել են կեղծ տվյալներ, որը քրեորեն պատժելի արարք է: Այս գրավոր ցուցմունքը տալուց մեկ շաբաթ անց գործը վարող քննիչը ինձ հայտնեց, որ իմ գրավոր ցուցմունքը կորել է: Այդ փաստի առիթով կատարեցի հանրային գրառում, որից հետո Լ. Հայկյանը գրավոր հայտնեց, որ իմ կորած ցուցմունքը հայտնաբերվել է»,– գրել է Դեմոյանը:
Խուզարկության արդյունքում, նրա խոսքով, քննչական մարմիններն առգրավել են լատունից հուշամեդալ, որը թողարկվել էր 2001 թվականին` Հայաստանում քրիստոնեության 1700–ամյակի առիթով։ Ըստ Դեմոյանի` հուշամեդալը ձեռք էր բերել 2025 թ. հոկտեմբերին Վերնիսաժից 3000 դրամով:
Նա նշել է` համակ ուշադրությամբ հետևելու է, որ քրգործի շրջանակում համանման խուզարկություններ անցկացվեն Հարություն Մարությանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հարությունյանի, թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի տներում։
Դեմոյանը նրանց մեղադրում է թանգարանից արժեքավոր գրքեր գողանալու, վնաս պատճառելու, փաստաթղթեր կեղծելու, դրանք ոչնչացնելու և փողերի լվացման մեջ:
Sputnik Արմենիա
