Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել ԱՊՀ-ից լիարժեք դուրս գալու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է արտգործնախարար Միխայ Պոպշոյը։
Նա նշել է, որ գերատեսչությունն այս պահին միջազգային կազմակերպության ստեղծման հիմքում ընկած համաձայնագրերի, մասնավորապես ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի և դրա հավելվածի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրության դենոնսացիան մշակելու փուլում է:
«Այս երեք հիմնարար համաձայնագրերի դենոնսացիայով Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես կդադարի լինել ԱՊՀ մաս։ Եվ այդ գործընթացն արդեն սկսվել է։ Մենք այդ որոշումը վերջերս ենք կայացրել։ Սկսվել է հաստատման գործընթացը»,- ասել է Պոպշոյը։
Նրա խոսքով՝ խորհրդարանի նոր նստաշրջանի մեկնարկից հետո դենոնսացիայի մասին փաստաթղթերը կփոխանցվեն պատգամավորների քննարկմանը։
«Մինչև փետրվարի կեսերը մենք հավանաբար կավարտենք գործընթացները կառավարությունում։ Դրանից հետո խորհրդարանը կընդունի այդ որոշումը»,- նշել է Պոպշոյը։
Նախարարն ընդգծել է, որ եթե օրենսդիր մարմինը հավանություն տա երեք հիմնադիր համաձայնագրերի չեղարկմանը, և նախագահը հաստատի դրանք տեխնիկական փուլերի ավարտից հետո, Մոլդովան այլևս ԱՊՀ մաս չի կազմի։
Մոլդովայի կառավարությունը նոյեմբերին հավանություն էր տվել ԱՊՀ շրջանակում ստորագրված յոթ համաձայնագրերի դենոնսացիային։ Երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր ԱՊՀ երկրների քաղաքացիների առանց վիզայի տեղաշարժի և ԱՊՀ պետությունների միջև ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման ու ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրերի չեղարկումը։
Մոլդովայի նախկին նախագահ, սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հետ համաձայնագրերի խզումը հակասում է հանրապետության ազգային շահերին և չի համապատասխանում քաղաքացիների մեծամասնության ցանկություններին։ Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին Մոլդովան արդեն լուծարել է ԱՊՀ շրջանակներում գործող 255 համաձայնագրերից 64-ը։
Մոլդովան 2022 թվականից անտեսում է ԱՊՀ նիստերը, որի անդամ է, և ԵԱՏՄ-ի նիստերը, որտեղ դիտորդի կարգավիճակ ունի։ Երկրի իշխանություններն արտահանումը դեպի արևմտյան շուկաներ վերաուղղորդելու հստակ մտադրություն են հայտնել։ Հենց այդ ժամանակ էլ Մոլդովայի իշխանությունները սկսել են խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի դենոնսացիայի անհրաժեշտության մասին։
Երկրի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոլդովան շարունակում է միջազգային-իրավական բազան համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին և եվրաինտեգրման առաջնահերթություններին։ Ընդդիմությունը քննադատում է ԱՊՀ համաձայնագրերը խզելու իշխանությունների քաղաքականությունը՝ մատնանշելով աշխատանքային միգրանտների և տնտեսական կապերի համար սպասվող ռիսկերը:
Sputnik Արմենիա
