Логотип

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար

27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախագծին առաջին ընթերցմամբ ԱԺ-ում կողմ քվեարկեցին իշխանական պատգամավորներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Պատգամավորների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ 87, ձեռնպահ 5 հարաբերակցությամբ։ Որևէ պատգամավոր դեմ չեղավ նախագծին։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

«Առաջին ընթերցմամբ ընդունվեց իմ կողմից շրջանառվող օրենքի նախագիծ, որին հազարավոր քաղաքացիներ երկար են սպասել։ Նախագծով 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք՝ գումար վճարելով ու մարելով ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։ Նրանք կկարողանան նոր կյանք սկսել Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին՝ կողմ քվեարկելու համար»,- նշեց Սարգսյանը։

Նա նաև ընդգծեց՝ տարակուսած է, թե ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց` հույս հայտնելով, որ երկրորդ ընթերցման ժամանակ որոշումը կփոխվի։

Sputnik Արմենիա