Логотип

«Թրամփի ուղին» հնարավորությո՞ւն է, թե՞ ռիսկ. Նարեկ Կարապետյանի պատասխանը

«Թրամփի ուղին» այս պահի դրությամբ Հայաստանի համար բացում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով հարցին` «Թրամփի ուղին» հնարավորությո՞ւն է, թե՞ ռիսկ։

Ըստ նրա` հնարավորությունն այն է, որ ԱՄՆ–ին պետք է բերել երաշխավորի մակարդակ։

«Փաստաթղթում պայմանավորվածության մեջ ԱՄՆ–ն հանդիսանում է որպես վկա։ Մեր արտաքին քաղաքականության ընդհանուր հեռանկարն այն է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր։ Մենք տեսնում ենք` ինչ է տեղի ունենում այն տարածաշրջանների հետ, որոնք ունեն մեկ երաշխավոր կամ ընդհանրապես չունեն։ 21–րդ դարում փոքր երկրները շատ ավելի լավ են ապրում, քանի որ կառավարություններն ավելի ակտիվ ու դինամիկ են, սակայն ունեն անվտանգային խնդիր, որի լուծումը երաշխավոր ունենալն է»,– հայտարարեց Կարապետյանը։

Նրա համոզմամբ` միայն այդպիսով հնարավոր կլինի հասնել երկարաժամկետ խաղաղության։

«Մեր պատմությունը ցույց է տվել, որ թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատուն մեծություններ են»,– ընդգծեց Կարապետյանը։

Sputnik Արմենիա