Логотип

ՍՐԱՆՑ ԲԱՑՁՐԱԿԵՏԸ ԱՍՖԱԼՏՆ Է Ու ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Հայտնի բան է. օձի թույնը կարող է սպանել, բայց միևնույն ժամանակ մեծապես օգտագործվում է դեղագործության մեջ: Այսինքն շատ բան է կախված համամասնություններից, ավելի ճիշտ՝ նրանցից, ովքեր կազմում են այդ համամասնությունները… Ինչի՞ վերաբերյալ ենք սա ասում: Տխրահռչակ TRIPP-ի։ Ինչ ուզում եք՝ ասեք, բայց անհնար է հավատալ, թե այս իշխանությունները կարող են ինչ-որ կարգին բան ծնել։ Սրանց մակարդակը ասֆալտն է ու վերանորոգումը. ոչ ավելին։

ԱՐԴԵՆ ԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ, ՈՐ TRIPPԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱՆ ԼԻՆԵԼ՝ դրված մեր պետության տակ, թեև իշխանությունները չեն հոգնում այն գովաբանելուց։ Իբր, վիթխարի նախագիծ՝ Հայաստանի շահերի, նրա ինքնիշխանության, նրա անկախության լիակատար պահպանումով։ Իբր՝ գործոն, որը կնպաստի հանրապետության անվտանգությանը, էլ չասած՝ նրա տնտեսական բարգավաճմանը, երբ նախագիծն իրականություն դառնա… Այդպես են ասում մեր իշխանությունները։

Իսկ ի՞նչ է ասում ադրբեջանցի փորձագետը։ Ադրբեջանցի փորձագետն ադրբեջանական հեռուստաալիքով ասում է, որ Ադրբեջանի բոլոր պահանջները, ըստ TRIPP-ի ներկայացված «ճանապարհային քարտեզի», կատարված են. Ադրբեջանին երաշխավորվում է անարգել տարանցումը: Ավելին, ինչպես պահանջում էր Ալիևը, ո՛չ տարանցիկ երթևեկող ադրբեջանցիները, ո՛չ էլ նրանց բեռները հայ սահմանապահների և մաքսավորների հետ չեն առնչվելու, նրանց սպասարկելու են ամերիկյան օպերատորները, իսկ հայերը խելոք նստելու են պատի կամ վարագույրի հետևում…

Ադրբեջանցի փորձագետի գնահատմամբ՝ TRIPP-ի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվել են ադրբեջանական կողմի պահանջմունքներին լիովին համապատասխան, Փաշինյանն ընդառաջել է Ալիևի հնչեցրած յուրաքանչյուր պայմանին: Ահա այսպիսի ֆանտաստիկ ինքնիշխանություն է ստանում Հայաստանը։

Խնդիրն ինքնին TRIPP նախագիծը չէ: Այն իսկապես կարող է ծառայել և՛ որպես տարածաշրջանը կայունացնող գործոն, և՛ հակառակը. գործոն, որը կարող է պայթեցնել ինչպես տարածաշրջանն ընդհանրապես, այնպես էլ Հայաստանը՝ մասնավորապես։

Խնդիրն ամերիկացիները չեն. նրանք գործում են իրենց երկրի շահերից ելնելով, ի՞նչ դժգոհություն կարող է լինել նրանց նկատմամբ։ Խնդիրը Հայաստանի իշխանություններն են։ Առ այսօր նրանց պարագայում եղել է նույնիսկ ոչ ըստ Չեռնոմիրդինի. «Ուզում էինք, որ լավ լիներ, ստացվեց՝ ինչպես միշտ»: Մեր իշխանությունների պարագայում ամեն ինչ է՛լ ավելի վատթար է։ Մեր իշխանությունները կենդանի մարմնացումն են այն հին իմաստախոսության, որ հենց «բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը»:

ԻՆՉ ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՆՔ ԼՍԵԼ ՆԻԿՈԼԻ ՈՒ ԻՐ ԹԻՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ։ Իսկ իրականում ամեն ինչ լոկ վատթարացել է, եթե չասենք՝ փլուզվել։ Բանակցությունները սկսեց սեփական կետից՝ մտցրեց փակուղի։ Ասում էր՝ Արցախը Հայաստան է. բարեհաջող կերպով հանձնեց։ Ասում էր, թե խաղաղություն է բերում. պատերազմ բերեց և բնավ ոչ մեկ անգամ։ Խոսում է ինքնիշխանության մասին. հանձնում է տարածքները և վերահսկողությունը գլխավոր մայրուղիների նկատմամբ:

Խոսում է խոսքի ազատության մասին, մինչդեռ կարելի է բանտում հայտնվել մի քանի միանգամայն պարկեշտ բառերի համար, ինչպես դա եղավ Սամվել Կարապետյանի դեպքում։ Խոսում է դատական համակարգի անկախության մասին, մինչդեռ ներկայումս այն կախված է իշխանությունների քմայքներից առավել քան երբևէ։ Ձեռնարկեցին տրանսպորտային բարեփոխումը «հանուն մարդկանց». տրանսպորտը լեփ-լեցուն է, շատերը չեն վճարում, ոչ թե բոյկոտելով, այլ որովհետև հնարավորություն չունեն։ Չէ որ մեզանում ոչ բոլորն են իշխող թիմի անդամ, որպեսզի բազմահազարանոց պարգևավճարներ ստանան դոլարային համարժեքով: Կարելի է թվարկել ու թվարկել:

Ահա արդեն մոտ մեկ տարի է, ինչ Փաշինյանն ու իր թիմը դարձել են մոլի հավատացյալներ։ Շատ գորովաշարժ տեսարան է: Նրանք դա անվանում են Եկեղեցու բարեփոխման քաղաքականություն։ Ի՞նչ է կատարվում իրականում: Իրականում ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու պառակտում։ Բաքվի ցանկություններին լիովին համապատասխան։

Կա՞ մեկը, որ համարում է, թե այս իշխանությունները կարող են իրականացնել TRIPP-ը։ Ընդ որում չվտանգելով Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը։ Ֆանտաստիկա։

Կրկնենք. սա ամերիկացիների մասին չէ, սա մերոնց մասին է: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլն ու թիմը հեռանան, միգուցե TRIPP-ն իսկապես կյանքի կոչվի, ընդ որում՝ այնպես, որ շահեն բոլոր դերակատարները, այլ ոչ թե միայն Ալիևն ու Էրդողանը։ Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա լավագույն դեպքում ամեն ինչ կմնա թղթի վրա։ Վատթարագույն դեպքում՝ կհանգեցնի տարածաշրջանային մեծ ահագնացման։ Մեր իշխանությունների բարձրակետը ասֆալտն է ու վերանորոգումը։