Սիրիայի իշխանությունները քրդերին չորս օր են տվել՝ կենտրոնական կառավարությանն ինտեգրվելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Սիրիայի կառավարությունը հայտարարել է քրդերի հետ չորսօրյա զինադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ի երեկոյան: Հայտարարության մեջ Դամասկոսը նշել է, որ կառավարական ուժերը չեն փորձի մտնել քրդերի կողմից վերահսկվող Հասակե և Ղամիշլի քաղաքներ՝ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համար Սիրիայի ինտեգրման ծրագիրը ներկայացնելուն հատկացված չորս օրվա ընթացքում:
Մասնավորապես, կառավարությունը խնդրել է SDF-ին Դամասկոսում պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնի թեկնածու առաջադրել՝ ինտեգրման գործընթացի շրջանակներում: Սիրիայի կառավարությունը նաև հայտարարել է SDF-ի հետ համաձայնության մասին՝ Հասակե նահանգի ինտեգրման ծրագիր մշակելու համար: Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ հունվարի 20-ին կառավարական ուժերն առաջացել են Հասակե նահանգի արևելյան շրջաններ և Քոբանի քաղաքից հարավ՝ Թուրքիայի հետ սահման:
Քրդական ուժերը հայտարարել են, որ ընդունում են կառավարության հետ կնքված զինադադարի համաձայնագիրը և չեն ձեռնարկի որևէ ռազմական գործողություն, եթե հարձակման չենթարկվեն: ԱՄՆ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը նույնպես հայտարարել է, որ Վաշինգտոնը երկարաժամկետ հեռանկարում հետաքրքրված չէ Սիրիայում իր ներկայությունը պահպանելով։
Նա նշել է, որ SDF-ի սկզբնական նպատակը, որին Վաշինգտոնն աջակցում էր որպես դաշնակից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, մեծ մասամբ իրականացվել է։ Ամերիկացի դիվանագետը նաև Դամասկոսի առաջարկը՝ ինտեգրվել կենտրոնական սիրիական պետությանը՝ քաղաքացիական իրավունքներով, մշակութային պաշտպանությամբ և քաղաքական մասնակցությամբ, անվանել է քրդերի համար ընձեռնված «ամենամեծ հնարավորությունը»։
Հունվարի 18-ին Դամասկոսը և SDF-ն ստորագրել էին հրադադարի մասին համաձայնագիր, որը 14 կետից բաղկացած ծրագրի մի մասն է։ Այն նախատեսում է քրդական կառույցների ինտեգրումը Սիրիայի պետական ինստիտուտներին և հյուսիս-արևելքում գտնվող հիմնական տարածքների և օբյեկտների նկատմամբ վերահսկողության փոխանցումը կենտրոնական կառավարությանը։ Համաձայնագիրը ձեռք է բերվել Սիրիայի հյուսիս-արևելքում կառավարական ուժերի ամիսներ տևած անարդյունք բանակցություններից և կառավարական ուժերի առաջխաղացումներից հետո։
Armenia Today
