Ավելի քան 4000 մարդ է հավաքվել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցող ֆերմերների բողոքի ցույցի համար։ Ակցիայի մասնակիցները Եվրախորհրդարանի շենքի առջև շարքերով կանգնեցրել են տրակտորները, վանկարկել ԵՄ իշխանություններին քննադատող կարգախոսներ, ինչպես նաև երկինք են բաց թողել օդապարիկներ, որոնց վրա եղել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին «տուն գնալու» կոչ անող պաստառներ:
Ինչպես հայտնում է DW-ն, դժգոհության առիթ է դարձել ԵՄ-ի և հարավամերիկյան Մերկոսուր դաշինքի երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: ԵՄ պատմության մեջ խոշորագույն առևտրային գործարքը նախապատրաստվել է շուրջ 25 տարի։ Բրյուսելում հույս ունեն, որ այն թույլ կտա 39%-ով ավելացնել Եվրամիությունից Հարավային Ամերիկա ապրանքների տարեկան արտահանումը և այդպիսով պահպանել ավելի քան 440 հազար աշխատատեղ ողջ Եվրոպայում:
Սակայն ԵՄ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները վախենում են ապրանքների էժան մրցակցությունից, որոնք երբեմն չեն համապատասխանում արտադրության եվրոպական չափանիշներին:
News.am
