ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
«Դա շատ լավ հեռախոսազրույց էր», – ասել է նա՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Էրդողանի հետ «շատ կարևոր» քննարկումներ է ունենալու։
Թուրքիայի նախագահի գրասենյակից ևս հայտնել են հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ Էրդողանը և Թրամփը քննարկել են իրադրությունը Սիրիայում և Գազայի հատվածում։ Հեռախոսազրույցում Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Սիրիայում զարգացումներին, և որ Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը կարևոր են Թուրքիայի համար։ Երկու նախագահները քննարկել են նաև «Իսլամական պետության» դեմ պայքարը։
Թրամփը և Էրդողանը զրույցի ընթացքում անդրադարձել են Գազայի հատվածում իրավիճակին։ Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան կշարունակի աշխատանքն ԱՄՆ-ի հետ համակարգմամբ՝ այնտեղ խաղաղության հասնելու համար։
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին իրեն «Խաղաղության խորհրդի» կազմ հրավիրելու համար։
