ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օր առաջ հարցաքննվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ գործի շրջանակում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող և պետությունից ստարտափի արտոնագիր ստացած «Կարիտաս Իտալիանա» (Caritas-Italiana) ՓԲԸ հետ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կապերին: Քրեական վարույթը նախաձեռնվել էր ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։
«Ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա, թեև դրանից առաջ որոշ նախաձեռնություններ եղել են»,– վստահեցրեց նա։
Նախարարն ավելացրեց, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին այդ ժամանակ Փաստաբանների ակադեմիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Արա Զոհրաբյանը մի խումբ իրավաբանների հետ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների համար ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ 2025 թ. ապրիլի սկզբին հայտնի էր դարձել, որ նույն տարվա փետրվարի 27-ի այս գործով գործ հարուցելուց հրաժարվելու մասին հակակոռուպցիոն դատարանի որոշումը չեղարկվել է, և Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ հարուցել։
Sputnik Արմենիա
