Логотип

ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ քննարկել է TRIPP-ին առնչվող հնարավոր ներդրումների հարցը

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում քննարկել է հարցեր, որոնք այդ թվում առնչվում են TRIPP ենթակառուցվածքների զարգացման գործում մասնակցություն ունեցող ԱՄՆ մասնավոր ընկերություններում ադրբեջանական պետական ընկերությունների կողմից հնարավոր ներդրումներին։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատրաստվում կանխել կամ կառավարել այն վտանգները, որ այն ընկերությունները, որոնք դերակատարություն են ունենալու TRIPP-ում, չունենան, օրինակ, 60 տոկոս ադրբեջանական կամ թուրքական մասնաբաժին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, մեջբերեց TRIPP իրականացման շրջանակի փաստաթղթից, ըստ որի՝ առանց ՀՀ համաձայնության բաժնեմասերի օտարում, նվիրում, վաճառք տեղի ունենալ չի կարող։

«Առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության բաժնեմասի, մասնակցության կամ այլ հարց ոչ միայն Ադրբեջանի, այլ որևէ երկրի որևէ ընկերության հետ տեղի ունենալ չի կարող, բացառվում է։ ՀՀ կառավարությունը պետք է իր համաձայնությունը տա, հետևաբար չեմ կարծում, որ կարիք կա չեղած բանն էդքան փչել, ուռճացնել»,- ասաց Միրզոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց պնդել, որ իր հարցն այլ է, վերաբերում է ոչ թե TRIPP զարգացման ընկերությանը, այլ ԱՄՆ այն մասնավոր ընկերություններին, որոնք որևէ կերպ մասնակցելու են ենթակառուցվածքների կառուցմանը կամ զարգացմանը։

«Եթե ասում եք, ընդհանրապես, ԱՄՆ-ն որևէ կերպ ներդրում կամ համագործակցություն է անում Ադրբեջանի հետ, ի սեր Աստծո, թող անեն, մենք էլ ենք անում»,- ասաց Միրզոյանը։

Հավելեց՝ որևէ վտանգ չի տեսնում, և ամեն ինչ լավ է լինելու։

Sputnik Արմենիա