Հնագետները մի ցնցող հայտնագործություն են արել, որը նկարագրվել է Science Advances ամսագրում. Իսպանիայի հարավ-արևմուտքում, Թոլոս դե Մոնտելիրիոյի հին դամբարանում, նրանք հայտնաբերել են, ըստ երևույթին, աշխարհի ամենամեծ հնագույն ուլունքների հավաքածուն։
Այս մոտավորապես 5000 տարեկան դամբարանը Սևիլիային մերձակա Վալենսինայի հնագիտական համալիրում է և պարունակում է հսկայական քանակությամբ արտեֆակտներ՝ 270 հազար 769 ուլունք՝ պատրաստված ծովային խեցիներից, քարերից և կենդանիների ոսկորներից, որոնց մեծ մասը ծովախեցգետնի խեցի է։
Ուլունքները հայտնաբերվել են դամբարանի մեծ խցիկում, որը պարունակում էր հիմնականում մոտավորապես 18-ից 34 տարեկան կանանց մնացորդներ։ Հնագետները դամբարանի մեկ այլ մաս տանող միջանցքում հայտնաբերել են նաև մոտավորապես 2000 ուլունք, իսկ երկրորդ խցիկի վերին հարկում՝ մոտ 90 ուլունք, ինչպես նաև՝ դաշույն։ Զարդերի այս խտությունից ենթադրվում է, որ դրանք եղել են հագուստի՝ բաճկոնների, կիսաշրջազգեստների կամ այլ հագուստի մաս, որոնք կարող էին արտացոլել մահացածի սոցիալական կարգավիճակը կամ ծիսական դերը։
Այս հազարավոր փոքրիկ արտեֆակտների պատրաստումն ու մաքրումը չափազանց աշխատատար էին. յոթ հետազոտողից բաղկացած թիմը 651 ժամ է ծախսել յուրաքանչյուր հատիկը հողից և բեկորներից մաքրելու վրա։ Գիտնականները նշում են, որ ձեռքով նման հսկայական հավաքածու ստեղծելը պահանջել է զգալի ջանքեր և ժամանակ։ Հաշվարկվում է, որ հայտնաբերված խեցիներից ամբողջ հավաքածուն պատրաստելու համար կպահանջվեր մոտավորապես յոթ ամիս՝ տասը հոգով օրական ութ ժամ աշխատելով։ Սա ընդգծում է ինչպես հին արհեստավորների հմտությունը, այնպես էլ նման զարդերի կարևորությունը այդ ժամանակի մշակույթում։
Գիտնականները նաև ենթադրում են, որ ուլունքների բարդությունը և քանակը կարող են վկայել դամբարանում հայտնաբերված կանանց սոցիալական հիերարխիայի կամ կարգավիճակի մասին, որը, հնարավոր է, կապված լինի պղնձի դարի հասարակության կրոնական կամ քաղաքական գործունեության հետ։
