Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք հորդորում են բանակցել և հասնել Արցախում մնացած իրենց որդիների աճյունների վերադարձին։ Ծնողները նաև ստորագրահավաք են իրականացրել և մտադիր են երթով շարժվել դեպի ԱԳՆ ու Ֆրանսիայի դեսպանատուն։
«Որևէ երկրում, եթե հումանիտար հարցերը չեն լուծվում, ապա այդ երկրում չենք կարող լինել անվտանգ, պաշտպանվածության զգացում չենք կարող ունենալ։ Այս ծնողներն այն մարդիկ են, որոնք մինչև վերջին օրը մնացին Արցախում, որպեսզի իրենց զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները կռիվ տային ադրբեջանական ասկյարների դեմ և ունեցան զոհեր։ Իրենք դուրս են եկել Արցախից այն համոզմունքով, որ կվերադառնան»,– ասաց «Համահայկական ճակատի» անդամ Ռուզաննա Ստեփանյանը։
Նա հավելեց, որ ևս մեկ նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնևի գրասենյակ։ Նամակ կփոխանցեն նաև Ֆրանսիայի դեսպանատուն։
«Որովհետև Արցախի հանձնումը տեղի է ունեցել Մակրոնի և ԵՄ-ի «քավորությամբ»։ Եթե Մակրոնը հայտարարում էր, որ ստորագրումից հետո արցախցիների բոլոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, ուրեմն՝ պահանջելու ենք, որ հայտարարությունից անցնեն գործի»,– նշեց Ռուզաննա Ստեփանյանը։
Զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրը՝ Բելլա Գալստյանը, նշեց, որ Հայաստան եկած օրվանից դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ հումանիտար։ Նրա խոսքով՝ բոլոր մարմիններին դիմել են մի քանի անգամ։
«Առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակը հասցեագրել է արտաքին գործերի նախարարություն։ Շատ երկար սպասելուց ու մեծ ջանքեր գործադրելուց հետո ստացել եմ երկտողանոց, ընդհանուր, «օդի մեջ» պատասխան, որ այդ հարցը միշտ բարձրաձայնվում է»,– ասաց Գալստյանը։
Ըստ նրա՝ երկրորդ անգամ Փաշինյանը նամակը հասցեագրել է Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն մինչ օրս որևէ նորություն չկա։
2023 թվականին սեպտեմբերին զոհված Արթուր Արզումանյանի հայրը` Բորիկ Արզումանյանն էլ հայտարարեց, թե զոհվածների հարազատներն արդեն 2 տարի է խաբում են։
Ակցիայի մասնակիցները կառավարության գլխավոր մասնաշենքի մոտից շարժվեցին դեպի ԱԳՆ, որտեղ ավելի քան 30 ծնողների ստորագրությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակ փոխանցեցին։ Նամակում նրանք հիշեցրել են, որ ստեղծված հումանիտար իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարության, այդ թվում ՝ արտաքին գործերի նախարարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Ծնողները պահանջում են 2-3 օրվա ընթացքում ընդունել իրենց:
Այդտեղից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
