Логотип

Ազատ ոճով շարադրություն․ Գեղամ Մանուկյանը՝ ԱՀԾ տարեկան զեկույցի մասին

ՀՀ Արտաքին հետախուզության զեկույցն ազատ ոճով գրված շարադրություն է։ Այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով զեկույցի հիբրիդային սպառնալիքների բաժնի վերաբերյալ լրագրողի հարցին։

ԱՀԾ տարեկան զեկույցը Գեղամ Մանուկյանին հիշեցրել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից մի դրվագ։

«Մի հատված կա, ասում է՝ «տո, դու՞ ես պետությունը»։ Հիմա էլ՝ «տո, դո՞ւ ես Արտաքին հետախուզությունը»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ Թուրքիան 1993թ․-ից, ըստ էության, Հայաստանը բլոկադայի մեջ է պահում, սահմանը փակ է, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պարբերաբար կոշտ հայտարարություններ են հնչում ՀՀ-ի դեմ։

«Մի երկիր, որտեղ բոլոր սոցհարցումներով որպես թշնամի երկիր ու ժողովուրդ դիտվում են Հայաստանն ու հայությունը, այդ ամբողջ սպառնալիքների զեկույցի մեջ «Թուրքիա» անունը հնչել է 3 անգամ, էն էլ ճանապարհների հետ կապված։ ԱՀԾ-ն, դիտարկելով Հայաստանի սպառնալիքները, որևէ տեղ չի էլ քննարկել՝ արդյոք Թուրքիայի կողմից սպառնալիք կա՞, թե՞ ոչ։ Փոխարենը հոգևոր-մշակութային գործիչներին դիտում է որպես սպառնալիք»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին հրապարակված ԱՀԾ տարեկան զեկույցում նշված էր, որ 2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք, 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։

Sputnik Արմենիա