Логотип

ՀԱԵ․ Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել Եպիսկոպոսաց ժողովի գումարումն արտերկրում

Հայ եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման համակարգող խորհրդի անունից տարածված հայտարարությամբ հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ է արվում մոլորեցնել հավատավոր ժողովրդին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։

Նշենք, որ ՀԱԵ–ի այսպես կոչված բարենորոգման համակարգող խորհրդի անդամ եպիսկոպոսները հունվարի 21–ին հայտարարություն են տարածել` նշելով, որ հրաժարվում են մասնակցել Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին արտերկրում։ Նրանք նաև կոչ են արել չեղարկել ժողով գումարելու որոշումն ու հորդորել են բոլոր եպիսկոպոսներին՝ հրաժարվել դրան մասնակցելուց։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ 10 եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան և անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները»,– նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

ՀԱԵ–ից նշում են նաև, որ թե՛ անցյալում, թե՛ այսօր այդ եպիսկոպոսների կողմից որևէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհները եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական, դատապարտելի ուղիներով։

Մայր աթոռը զգուշացնում է, որ անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ այդ եպիսկոպոսներից շատերն իրենց մասնակցությունն են բերել, եկեղեցու գործունեության հետ առնչված որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել։

«Իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ եպիսկոպոսաց ժողովը, որի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով»,– ընդգծել են Մայր աթոռից։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առաջացած խնդիրները պետք է քննության առնվեն և պատշաճ լուծումներ գտնեն եկեղեցու կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում։

«Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորել և հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները»,– հիշեցրել են Մայր աթոռից։

ՀԱԵ–ից ավելացրել են` եկեղեցական կյանքի վերանորոգումը և զորացումը շարունակական գործընթաց է, որը պահանջում է աղոթական միություն, տևական ու միասնական աշխատանք և ուխտապահություն։

Sputnik Արմենիա