Հրապարակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցը Հայաստանի արտաքին ռիսկերի մասին: Ոչ մի երևելի բան: Մեծ հաշվով, ցանկացած գրագետ վերլուծաբան կարող էր նման տեքստ կազմել մեկ շաբաթվա ընթացքում՝ համեմելով դա Նիկոլի կանխադրույթներով։ Բայց եկեք համարենք, թե բնավ զեկույցը չէ արտացոլում ԱՀԾ-ի օգտակար գործողության գործակիցը: Այն ինչպե՞ս էր ասված երգի մեջ. «Մեր ծառայությունը թե՛ վտանգավոր է, թե՛ դժվարին, և առաջին հայացքից կարծես թե տեսանելի չէ աչքին…»:
Ինչպես նշեցինք, զեկույցն արտացոլում է իշխող թիմի դիրքորոշումը, ուստի շատ են ակնարկներն առ այն, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքը լինի ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալում է իշխող թիմը, ապա դա կլինի ոչ թե ընտրողի կամարտահայտության դրսևորում, այլ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» արդյունք, որը վարում են արտաքին ուժերը։
ԱՀԾ-Ն ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏԱՆՁՆԵԼ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ իշխանությունների ապագա բռնաճնշումներն ընդդիմախոսների դեմ՝ այն պատրվակով, թե նրանք սպասարկում են արտաքին դերակատարների շահերը։ Ամենայն հավանականությամբ, այդպես է, որ կա։ Վարչապետն, ըստ էության, այդ փաստարկից օգտվում է ողջ թափով։
Վերջին ճեպազրույցի ժամանակ նրան հարցրեցին, թե ինչո՞ւ է վարչապետն ամենալկտի կերպով խախտում ՀՀ Սահմանադրությունը, միջազգային կոնվենցիաները՝ միջամտելով Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին, և ինչո՞ւմ է տեսնում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի դրսևորումը, ինչի մասին հաճախ է խոսում…
Պատասխանելով այս հարցերին ՝ վարչապետը հայտարարեց, թե միջամտում է եկեղեցու գործերին, քանի որ իր պարտականությունների մեջ են մտնում ազգային անվտանգության հարցերը, իսկ «Կտրիճ Ներսիսյանն» ու «նրա ԿԳԲ-ի գործակալ եղբայրը» սպառնալիք են ազգային անվտանգությանը և Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի դրսևորում։ Հասկանալի է, որ սլաքներն ուղղում է Մոսկվայի վրա… Ինչպես կասեր Լավրովը, տքնում է Կայա Կալլասից ստացած 15 միլիոն եվրո դրամաշնորհի յուրաքանչյուր ցենտի դիմաց։
Թե կոնկրետ ինչպես են «հիբրիդային պատերազմ» վարում Հայաստանի դեմ Գարեգին Բ Կաթողիկոսն ու Եզրաս արքեպիսկոպոսը, վարչապետը չհստակեցրեց։ Հավանաբար՝ այն պատճառով, որ ասելու բան չկար։ Դե, հո չէր ասելու, թե ազգային անվտանգությանը սպառնալիքն ու «հիբրիդային պատերազմի» դրսևորումը Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության սկզբունքի խախտումն էր Սովետների երկրի գոյության վաղեմի ժամանակներում։ Թեև ՀԱԵ-ի դեմ իր հալածանքները Փաշինյանը սկսել էր հենց այդ թեզից… Հիմա դրա մասին գնալով ավելի հազվադեպ է խոսում, քանի որ իր կողմնակիցները՝ պառակտիչ եպիսկոպոսները, կուսակրոնության սկզբունքի խախտման ամենաժիր ու կայտառ մարմնացումներն են։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշել է Եպիսկոպոսաց ժողով անցկացնել ավստրիական փոքրիկ քաղաքում: Իշխանությունները և նրանց կողմից խրախուսվող պառակտիչ եպիսկոպոսները մոլեգնում են. այդ ո՜նց, ինչո՞ւ Ավստրիայում:
Բայց ախր հասկանալի է, թե ինչու. որպեսզի հեռու լինեն ժողովի վրա քաղաքական գործընթացների ազդեցությունից, անցանկալի հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից ահագնացվող ատելության դրսևորումներից։ Որպեսզի հանգիստ քննարկեն խնդիրները և գտնեն դրանց լուծման ուղիները:
Այ, եթե Գարեգին Բ Կաթողիկոսը որոշում կայացներ ժողովն անցկացնել Ռուսաստանում, ապա իշխանությունները առիթ կունենային ասելու, թե «փաստն» ակնհայտ է. «հիբրիդային պատերազմի» ևս մեկ դրսևորում։ Բայց հանգիստ, խաղաղ Ավստրիան… Եվրոպական երկիր, իսկ չէ՞ որ Եվրոպան այնքա՜ն քաղցր է Փաշինյանի սրտին։ Մի՞թե Ավստրիան էլ է կասկածվում Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մեջ։
Ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը: Նրանում, որ այնտեղ չեն հասնի փաշինյանական ուժայինների ձեռքերը, և վարչապետը հնարավորություն չի ունենա ոլորել եպիսկոպոսների թեևերն ինչպես փոխաբերական իմաստով՝ շանտաժով ու սպառնալիքներով, այնպես էլ ուղիղ՝ բանտ նստեցնելով անցանկալիներին… Չորս հիերարխներ արդեն նստած են, բայց, ըստ երևույթին, Փաշինյանին այդքանը բավական չէ, և բանտերում նստած եպիսկոպոսների թիվը մեծապես կավելանա, եթե Եպիսկոպոսաց ժողով անցկացվի Հայաստանում։ Այնպես որ կոռեկտ չէ կշտամբել Կաթողիկոսին, որ չի ենթարկել հոգևորականներին բանտում հայտնվելու վտանգին։
