Логотип

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՆԱՐԵԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀՍՏԱԿ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվում է հստակ ուղղորդված հաշվեհարդար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական ու հանրային գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ հունվարի 22-ին, Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել է, որ շարունակում է հացադուլը։

«Ես Նարեկին ճանաչում եմ։ Չեմ կարող ասել, որ միշտ մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց ես իր տեսակը գիտեմ։ Հատկապես վերջին շրջանում մենք շատ մտերմացել էինք։ Չնայած վստահ եմ, որ ինքը հացադուլը չի դադարեցնելու, բայց առիթից օգտվելով` հիմա կոչ եմ անում դադարեցնել, որովհետև ակնկալել, որ այս իշխանության որևէ ներկայացուցիչ կամ դատական համակարգում որևէ մեկը, որոնք ակնհայտ պատվեր են կատարում, կունենան էմպատիա, ապրումակցում, կարեկցանք, աբսուրդ է»,– նշում է Զոհրաբյանը։

Նախկին պատգամավորը հույս չի կապում նաև միջազգային կառույցների հետ։ Վստահ է, որ դրանք ևս ճնշում չեն գործադրի ՀՀ իշխանության վրա։ Եվ, չնայած դրան, ինքն էլ իր կողմից ամենօրյա ռեժիմով դիմում է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին, տարբեր քաղաքական խմբերին և ստանում իր ձևակերպմամբ` «դելիկատ, պրոտոկոլային շնորհակալություն» և հավաստիացումներ, որ շարունակում են հետևել գործընթացին։ Որևէ գործուն քայլ, սակայն, չկա։ Համեմատության համար Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, թե ինչպես էին նույն այդ միջազգային կառույցները տարիներ առաջ հետևում կալանավայրում հայտնված ցանկացած ընդդիմադիրի առողջական վիճակին, պահման պայմաններին ու սննդակարգին։

«Այսօր մենք տեսնում ենք քար լռություն, անգամ այն դեպքում, երբ Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության կոմիտեն Նարեկի և Վազգենի մասով իր եզրակացությունը տվել է, որ խոսքի համար նրանք չպիտի կալանքի ենթարկվեին, անգամ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որ Նարեկը առնվազն պիտի լինի տնային կալանքի տակ»,– նշում է Զոհրաբյանը` հավելելով, որ հացադուլը ծայրահեղ միջոց է ինչ–որ բան փոխելու, բայց այսօր նույնիսկ այդ ծայրահեղ միջոցն է անօգուտ դարձել։

«Ցավոք սրտի, սրանց վրա ոչինչ չի ազդելու, եթե անգամ Նարեկը, շատ ծանր բան եմ ասում, վճարի իր կյանքով, ինչը մենք տեսանք` եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում։ Նարեկն իր վերջին նամակներից մեկում գրում է` օրգանիզմս դեռևս սպասարկում է քաղաքական օրակարգս»,– ասում է նախկին պատգամավորը և հավելում`երկարատև հացադուլի դեպքում օրգանիզմում սկսում են անդառնալի պրոցեսներ։

Զոհրաբյանը հիշեցնում է, որ 2019թ–ի հունվարի 26–ին` 44-օրյա հացադուլից հետո, նման անդառնալի հետևանքների պատճառով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացավ խմբագիր, լրագրող Մհեր Եղիազարյանը։

«2022 թվականի հուլիսի 15–ին դատարանի դահլիճում իմ աչքի առջև մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Ես պատմել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, ես վերջերս կրկին այդ նույն դատարանում էի, և դատարանի աշխատողներից մեկը ինձ բերեց, հանձնեց իմ սև հովհարը, որով վերջին պահին, մինչև վերջին շունչը, մինչև շտապօգնության գալը, մտածելով, որ Արմենի ինքնազգացողությունը վատացել է շոգից, հով էինք հանում Արմենին,– պատմում է Զոհրաբյանը,– չեմ ուզում դաժան զուգահեռներ անցկացնել, բայց մենք պետք է լինենք իրատես»։

Նախկին պատգամավորն արձանագրում է. պետության պարտավորությունն է կանխել նման զարգացումները։ Հացադուլ հայտարարած կալանավորները պետք է տեղափոխվեն առանձին խցեր, որոնք հնարավորինս մոտ են բժշկի աշխատասենյակին, հացադուլավորները պետք է անընդհատ օպերատիվ հսկողության տակ լինեն, խցում պետք է ապահովվ անհրաժեշտ ջերմաստիճան, տաք ջուր, ինչը մեր երկրում, նրա խոսքով, չի արվում։

Sputnik Արմենիա