Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հունվարի 26-ին Աշտարակում։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս հայտնեց, որ դատն արդար կլինի, և թեմի առաջնորդն ազատ կարձակվի։
«Մենք ճանաչում ենք մեր սրբազան հորը, գիտենք, որ նա արդար է։ Այդ հարցում որևէ երկմտանք չկա։ Հուսով ենք, որ դատը պետք է արդար լինի, և սրբազան հայրը վերադառնա իր ծառայությանը և հովվի մեզ` Արագածոտնի թեմի իր հոտը»,– ասաց հոգևորականը։
Նա ընդգծեց՝ չեն կասկածում՝ թեմի առաջնորդը կհաղթահարի իրեն բաժին հասած փորձությունները։
Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովին, որն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով կայանալու է Ավստրիայում, հոգևորականը նշեց՝ ժողովը շատ հարցերի պատասխաններ կտա։ Նա շեշտեց՝ հասարակ մարդիկ չեն հավաքվելու եկեղեցուն հուզող հարցերը քննարկելու համար, այլ սրբազան հայրերը։ Տեր Փառենը հույս հայտնեց, որ դրական փոփոխություններ կլինեն։
Քահանան նաև ակնկալում է, որ եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականները կապաշխարեն, ներողություն կխնդրեն։ Վստահեցրեց՝ այդ հոգևորականների նկատմամբ ատելություն չունեն, այլ ուղղակի եղբայրաբար հորդորում են վերադառնալ եկեղեցի։
