Логотип

Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Եկեղեցին դատարանից պահանջում է արգելել կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Երկրորդ հայցով ՀԱԵ-ն խնդրում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ վտարելով կարգալույծ հռչակված քահանային և իր հետ բնակվող անձանց նշված բնակարանից։

Եկեղեցին Ստեփան Ասատրյանից պահանջում է նաև բռնագանձել այս երկու հայցերի դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքերի գումարը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Մայր աթոռի որոշմամբ 2025–ի հոկտեմբերին Տեր Արամը կարգալույծ է հռչակվել։

Այդուհանդերձ, նա մինչ օրս շարունակում է մնալ եկեղեցում, պատարագներ մատուցել և կրոնական արարողություններ կատարել։ Արագածոտնի թեմը պարբերաբար հայտարարություններ է տարածում, որ Ասատրյանի գործողություններն ապօրինի են։