Логотип

Պաշտպան․Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է

Երեկ ուշ երեկոյան տեսակցեցի այսօր արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող, 71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, գրել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։

«Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, հանդիպման ընթացքում պարբերաբար ինքնազգացողությունը վատանում էր։ ԲԿ տեղափոխությունն ու հետ վերադարձը բացասական ազդեցություն էր ունեցել Նարեկի վիճակի վրա: ԲԿ-ից հետ վերադարձի ճանապարհին էլ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր մեքենայում:

Երեկ Նարեկին հրաժեշտ տվեցի վատ ինքնազգացողության պայմաններում։ Չգիտենք՝ ինչպես է անցկացրել գիշերը, չգիտենք՝ ինչ վիճակում կտեսնենք այսօր։

Նարեկ Սամսոնյանը շարունակում է պայքարը ծայրահեղ միջոցով՝ վերջին ուժերով՝ առողջական լուրջ խնդիրների առկայության պայմաններում։ Նրան բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, անհապաղ հոսպիտալացնելու ուղեգիր տվել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է՝ 6-րդ պատժախուց-մենախցում։

Նարեկի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկի ցուցմամբ Նարեկի նախընտրած բուժհաստատությունում վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու ու հրատապ վիրահատության ենթարկվելու համար։

Այժմ ուղևորվում եմ «Արմավիր» ՔԿՀ այս հարցերով զբաղվելու և Նարեկի վիճակի մասին իրազեկվելու համար։ Տեղեկությունների մասին կհայտնեմ լրացուցիչ»։

Aysor.am