Логотип

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը և լքեց դահլիճը

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ արտահերթ նիստի մեկնարկից առաջ՝ խորհրդի նիստի ժամանակ, առաջարկ է արվել հետաձգելու նախագծի քննարկումը:

«Առաջարկություն ներկայացրինք հետաձգելու ԱԺ արտահերթ նիստը, որպեսզի թե՛ միջազգային ներկայացուցիչների ներգրավման, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման, նաև հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա՝ նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք, ոչ միայն մերժում…

Անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն և ընտրակեղծիքներն օրինականացնելուն միտված: Այս ամենն ընդունելի չէ, մերժելի է»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը, և լքեցին դահլիճը:

Այս համատեքստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության բացակայություններին:

«Չմասնակցելու հետ կապված՝ պիտի բացակաները ներկայացնեմ: Ասեմ, որ ԱԺ գումարումից այս կողմ՝ 4,5 տարվա ընթացքում, ունեցել ենք 244 նիստ, և, այսօր, օրինակ, պարոն Իշխան Սաղաթելյանի 100-րդ հոբելյանական բացակայությունն է: Շնորհավորում ենք»,- ասաց ԱԺ խոսնակը, և դահլիճում ծափեր հնչեցին:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձևով, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ։

News.am