Логотип

ԿԱՆԱԴԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՎՈՍՈՒՄ. ԵԹԵ ԴՈՒՔ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՉԵՔ, ՈՒՐԵՄՆ ՃԱՇԱՑԱՆԿՈՒՄ ԵՔ

Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ելույթն, ըստ նրա, նշանավորեց ոչ թե անցումային փուլը, այլ գոյություն ունեցող համաշխարհային կարգի պառակտումը։ Նրա ելույթի տեքստը հրապարակել է կանադական Global News լրատվամիջոցը։

Նա ընդգծել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի ծառայում իր նպատակին և ո՛չ կանխատեսելիություն է ապահովում, ո՛չ էլ՝ անվտանգություն։

«Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում,- ասել է Քարնին։ -Կանոնները, որոնք մի ժամանակ սահմանափակում էին ուժը, լղոզվում են։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենն, ինչ իրենց է պարտադրվում»։

Քարնին հիմնվել է չեխ գրող Վացլավ Հավելից փոխառված գաղափարի վրա՝ նշելով, որ նախորդ կարգը հիմնականում գոյություն ուներ այն պատճառով, որ պետությունները համաձայնել էին «ապրել հարմարավետ ստի մեջ», հետևել արարողակարգերին և կանոններին նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք դադարել էին արդար լինել։

 «Սակայն այդ կառուցվածքն այլևս չի գործում: Մենք ապրում ենք ոչ թե էվոլյուցիա, այլ բեկում»,- ընդգծել է նա։

Քարնին առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել տնտեսական ինտեգրման վրա, որն, ըստ նրա, ավելի ու ավելի է օգտագործվում որպես ճնշման գործիք: «Չի կարելի շարունակել խոսել ինտեգրման միջոցով փոխադարձ օգուտի մասին, երբ ինտեգրացիան ինքնին դառնում է կախվածության և ենթակայության աղբյուր»,- հայտարարել է նա։

Կանադայի վարչապետի համոզմամբ՝ սակագները, առևտրային սահմանափակումները և ֆինանսական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը աշխարհաքաղաքական հարկադրանքի լծակներ են դարձել։

Քարնին միաժամանակ անդրադարձել է միջին չափի երկրների դերակատարությանը՝ ընդգծելով, որ Կանադայի նման պետություններն այլևս չեն կարող իրենց պասիվություն թույլ տալ: «Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է նա՝ համակարգված գործողությունների, ավելի ուժեղ ռազմավարական ինքնավարության և նոր դաշինքների ձևավորման կոչ անելով։

Միևնույն ժամանակ, Քարնին զգուշացրել է խուսափել պարզ լուծումներից: «Հարցն այն չէ՝ արդյոք պետք է հարմարվենք, դա անխուսափելի է: Հարցն այն է՝ արդյոք պարզապես կկառուցենք ավելի բարձր պարիսպներ, թե՞ կարող ենք համագործակցության ավելի հավակնոտ ձև ստեղծել»,- նշել է նա։

Եզրափակելով իր ելույթը՝ Քարնին կոչ է արել հրաժարվել հին կարգի նկատմամբ կարոտախտից և սթափ գնահատել իրականությունը։

Ըստ նրա՝ միջազգային հարաբերությունների ապագան պետք է կառուցվի ոչ թե սովորության ուժի և պատրանքների վրա, այլ ուժի, խոցելիության և կոլեկտիվ գործողությունների անհրաժեշտության անկեղծ ըմբռնման վրա։

Հիշեցնենք, որ Դավոսում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է իր կանադացի գործընկերոջ ելույթին՝ հայտարարելով, որ «Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ»՝ պնդելով, որ Օտտավան պետք է շնորհակալ լինի Վաշինգտոնին, սակայն ինքը՝ Կանադայի վարչապետն, ըստ նրա, այնքան էլ երախտապարտ չէ։

News.am