ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում կրած պարտությունը հաղթանակ է ներկայացնում։ Այս հայտարարությունն արել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` արձագանքելով ՀՀ կառավարության հաղորդագրությանը։
Գործադիր մարմինն ավելի վաղ հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների` ՀԷՑ-ի գործով միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։
«Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում»,– ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
«Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը»,– հավելել է գործարարը:
Նա խոստացել է, որ որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնեն փաստաբանական խմբի հայտարարությամբ։
Sputnik Արմենիա
