Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում համաշխարհային առաջնորդների առջև ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կեղծ հայտարարություններ է արել, տեղեկացրել է BBC-ն։
ԱՄՆ-ը «վերադարձրել է Գրենլանդիան Դանիային» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՞
Գրենլանդիան երբեք ամերիկյան չի եղել, այնպես որ՝ ԱՄՆ-ը ոչ մի կերպ չէր կարող «վերադարձնել» այն։
1941թ․, այն բանից հետո, երբ Դանիան օկուպացվել էր նացիստական Գերմանիայի կողմից և կապիտուլացվել, Միացյալ Նահանգների և Դանիայի ներկայացուցիչները ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում էր, որ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել Գրենլանդիան՝ կանխելու համար նացիստների կողմից հսկայական կղզու գրավումը: Այս համաձայնագրի ստորագրումից հետո կղզում կառուցվել են մի քանի ամերիկյան ռազմակայաններ, որտեղ տեղակայվել են ամերիկյան զորքեր: Սակայն այս համաձայնագիրը չէր նախատեսում ինքնիշխանության փոխանցում:
ԱՄՆ-ը վճարել է ՆԱՏՕ պաշտպանական կարիքների «գրեթե 100 տոկոս՞ը»
ԱՄՆ նախագահը քննադատել է ՆԱՏՕ-ին և հայտնել, որ Միացյալ Նահանգների վճարումները կազմել են Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե բոլոր վճարումների գրեթե 100 տոկոսը։ Նա միաժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ անդամ երկրների վճարումները եղել են նվազագույն. «Նրանք անգամ 2 տոկոսը չեն վճարել, իսկ հիմա վճարում են 5 տոկոս»։
Այս պնդումներից ոչ մեկը ճիշտ չէ։
Վերջին տարիներին ԱՄՆ պաշտպանության ծախսերը կազմել են ՆԱՏՕ երկրների ընդհանուր ծախսերի մոտ 70 տոկոսը։ 2024թ․ այս ցուցանիշը նվազել է մինչև 65 տոկոս, իսկ 2025թ․, կանխատեսումների համաձայն, կհասնի 62 տոկոսի, քանի որ ՆԱՏՕ բոլոր անդամները պարտավոր են առաջին անգամ պաշտպանության վրա ծախսել իրենց ՀՆԱ առնվազն 2 տոկոսը։
ԱՄՆ-ը երբեք ոչինչ չի ստացե՞լ ՆԱՏՕ-ից
ԱՄՆ-ը դաշինքի միակ անդամն է, որն օգտագործել է 5-րդ հոդվածը։
2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո ՆԱՏՕ երկրները զորքեր և սարքավորումներ են տրամադրել Միացյալ Նահանգներին՝ «Անակոնդա» գործողության և Աֆղանստանում հետագա ռազմական գործողությունների համար: Նշանակալի ներդրում ունեցող երկրների թվում էր Դանիան, որը Աֆղանստանում ԱՄՆ դաշնակիցների շրջանում մեկ շնչի հաշվով ամենաբարձր կորուստներից մեկն է ունեցել:
Չինաստանում քամու էլեկտրակայաններ չկա՞ն
Չինաստանի Գանսու նահանգում է գտնվում աշխարհի ամենամեծ քամու էլեկտրակայաններից մեկը։ Գանսուի քամու էլեկտրակայանների համալիրը կարելի է տեսնել նույնիսկ տիեզերքից։ Our World in Data-ի տվյալների համաձայն՝ Չինաստանը քամու էներգիայի աշխարհի ամենամեծ արտադրողն է։
Թրամփը 18 տրլն դոլար ներդրումներ է ներգրավել ԱՄՆ տնտեսության մե՞ջ
Սպիտակ տան կայքը, որը հետևում է «ամերիկյան արտադրության, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների մեջ կատարված ներդրումներին», վերջերս հրապարակել է անցյալ տարվա նոյեմբերի տվյալները: Այնտեղ նշվել է, որ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ներդրումները կազմել են 9.6 տրիլիոն դոլար։
News.am
