Այսօր ԱԺ խորհրդի նիստում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մեզ չի հետաքրքրում թե Վենետիկի հանձնաժողովը ինչ կասի. Ասում է՝ խորհուրդը մենք ենք, մենք ենք որոշում, ձեր առաջարկությունն էլ ընդունելի չի մեզ համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Մենք առաջարկում էինք, ասում էինք՝ հիմա մի արեք սա, բերեք հանրային քննարկման, միջազգայինների, նաև փորձագետների տեսակետները լսենք, բոլոր կողմերի տեսակետները լսենք, գանք ընդհանուր եզրակացության։ Անգամ նույնիսկ եթե դուք ուզում եք մեկ տարվա կանոնը խախտել, դա պետք է իրականացվի բոլորի հետ հնարավորինս մեծ, լայն կոնսենսուսով։ Նրանք մերժեցին և ցույց տվեցին, որ իրենց զորբայությունը նաև այստեղ սահմաններ չի ճանաչում, բռնապետի հրահանգը պետք է կատարել։
Նրանք նպատակ ունեն հնարավորինս ազատվել բոլոր այն դիտորդական առաքելություններից, որոնք կբացահայտեն իշխանությունների այլանդակությունների՝ կլինի քաղաքական ուժի մակարդակով, թե թեկնածուների մակարդակով։ Մենք տեսանք, որ թե Վաղարշապատի, թե Գյումրիի ընտրություններում մի շարք դիտորդական առաքելություններ, ինչպիսի օբյեկտիվ գնահատականներ էին տալիս ընտրական գործընթացների հետ կապված։ Հիմա այս մարդիկ ուզում են փակել նաև այս ճանապարհը, որպեսզի հետագայում ընտրակեղծիքներ իրականացնելու միջոցով ստանան նաև դիտորդական առաքելությունների դրական եզրակացություններ»,– հայտարարեց Մինասյանը։
Հարցին՝ ինչու ՔՊ–ն այս օրինագիծը քառօրյա նիստերում չընդգրկեց և հիմա հրատակ արտահերթ ռեժիմով է բերել, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Որովհետև այս նախագիծը իրենց դեմ են տվել, հրահանգել են, ասել են՝ շատ արագ սա պիտի անցկացնեք։ Դեմ են տվել բոլորն նրանք, որ բռնապետի ցանկությամբ, հրահանգով և այն ՀԿ սեկտորի կողմից, որոնք աջակցում են այսօրվա իշխանություններին։
Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը հերն անիծել է ամեն ինչի և նույնիսկ իրենց ժողովրդավարություն ասված այսպես արտահայտությունը ամեն օր ոտի տակ տալով առաջ է գնում։ Սա նաև պահանջում է հանրության մոբիլիզացիա։
Մենք գործ ունենք հերթական արշավանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը իր չակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում։ Դրա համար մենք հրաժարվեցինք քննարկումից, որովհետև սա համարվում է ընտրական օրենսդրության ընդունման կանոնների խախտում։ Եթե ընդդիմությունը չի մասնակցում, ընդդիմությունը ներգրավված չի եղել փոփոխություններին, սա համարվում է էական թերություն այդ ընտրական գործընթացի մասով։
Սա նաև նախազգուշացում, որ նաև ապագայում էլ նման բաներ չլինեն և սա հնարավորինս արագ պետք է շտկվի»,– ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձևով, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ։
News.am
