Логотип

Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ։

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ կա՞ նախաձեռնված քրեական վարույթ, որը վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսին։

«Նշված անձի «վերաբերյալ» ՀՀ դատախազությունում քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն ներկայում առկա չէ»,- Aysor.am-ին պատասխանել են Դատախազությունից։

Դատախազությունից խնդրել էինք տրամադրել նաև տեղեկություն, թե ինչ վարույթի շրջանակներում է հարցաքննվել «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը։

Դատախազությունից, սակայն, նշել են՝ նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։

«Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով անցնում է»,- գրել էր լրատվամիջոցը։