ՀՀ դատախազության համակարգում գործող բոլոր աշխատակիցները’ ինքնավար և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողներն ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք 2025 թվականի դեկտեմբերին խրախուսվել են մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով’ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի: Այս մասին NEWS.am-ի՝ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից:
Դատախազությունից չեն հայտնել, թե որքան գումար է հատկացվել աշխատակիցների դրամական խրախուսման համար, ինչպես նաև չեն հստակեցրել, թե որքան պարգևավճար են ստացել գլխավոր դատախազն ու տեղկալները, ըստ էության, մինչև տարեկան հայտարարգրի ներկայացումը հանրությունից թաքցնելով այդ թվերը:
Անուհանդերձ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի, դասային աստիճանի համար տրվող հավելավճարների և հավելումների հաշվարկը, ինչպես նաև 15.0 դրույքաչափով աշխատող գլխավոր դատախազի ապահոված «կատարողականի» հիման վրա արված համեմատությունը թույլ է տալիս ենթադրելու, որ գլխավոր դատախազ Աննա Վադապետյանը դեկտեմբերին հնարավոր է ստացել է մինչև 8 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար, իսկ նրա տեղեկալները մինչև 3 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկբունքները, դատախազությանը հորդորում ենք հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում, հրապարակել դեկտեմբերին գլխավոր դատախազի և նրա տեղակալների ստացած աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:
