Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը մասնակի բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը և տնային կալանքը երկարաձգեց 1 ամսով։
«Միևնույն ժամանակ պարտավորեցնել չլքել բնակության վայրը, արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ կամ օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքումներից։ Արգելել շփումն այլ անձանց հետ` բացառությամբ մերձավոր ազգականների և փաստաբանների։ Թույլատրել Արմեն Աշոտի Արսենյանին (տեր Գարեգինին) յուրաքանչյուր կիրակի, ժամը 10։00–ից մինչև 14։00–ն մասնակցել իր բնակության վայրում գտնվող Հայ առաքելական սուրբ եկեղեցում մատուցվող պատարագներին՝ բացառելով շփումն այդ ժամանակահատվածում այլ անձանց հետ»,– ասաց Դաբաղյանը։
Դատարանը հստակեցրեց՝ տեր Գարեգինը կարող է մասնակցել ոչ թե իր ծառայության վայրի (Մուղնի), այլ Արմավիրի մարզի եկեղեցիներում մատուցվող պատարագներին։ Դատավորի խոսքով՝ բացառությունների մեջ կնշվի նաև հաղորդություն ստանալու իրավունքը։
Նշենք, որ այսօր նրա գործով դատական առաջին նիստն էր։ Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 20–ին։
Հիշեցնենք՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ մեկ վարույթում քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ու Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցների փոփոխման հարցը։ Մեկ ժամ առաջ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց։
Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվեց 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, նոյեմբերի 7-ին նրա խափանման միջոցը փոխվեց։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։
Sputnik Արմենիա
