Արտառոց առօրյայի եռուզեռում, ամենժամյա ցնցումների հորձանուտում, ուժասպառ լինելով վաղուց մշտական դարձած ստրեսից, սեփական անձի ու երկրի վաղվա օրվա համար մնայուն տագնապի հոգեվիճակում, մենք հաճախ չենք նկատում մեր աչքի առաջ տեղի ունեցող ամենի դարակազմիկ բնույթը: Բայց բավական է գոնե փոքր-ինչ կտրվել կլանող առօրյայից, և միանգամայն հստակ ուրվագծվում է այն ամենի մասշտաբն ու մեծությունը, ինչ այսօր անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Եվ ոչ միայն Հայաստանի ու հայերի, այլև ողջ քրիստոնյա աշխարհի ու քաղաքակիրթ մարդկության համար։
ԵՎ ՍԱ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ։ ՄՏԱՄՈՒԽ ԵՂԵՔ ԵՐԵԿ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԻ ՄԵՋ. «Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ.Մովսես վարդապետ Սարգսյանը։
Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։
Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արևագալի ժամերգության հիման վրա։ Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։
Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին և մեկ հոգի», որի ընթացքում աշխարհի քրիստոնյաներն աղոթք բարձրացրեցին հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու, ինչպես և քրիստոնեական միասնության և համերաշխության համար»։
Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթը ամեն տարի հունվարի 18-ից 25-ը անցկացվող միջազգային էկումենիկ միջոցառում է, որի գաղափարը սկիզբ է առել 19-րդ դարակեսից: Դժվար է հաստատ ասել, բայց չենք կարծում, թե պատահական է, որ հենց այս տարի շաբաթը նվիրվեց Հայաստանին և զորակցության յուրօրինակ արտահայտություն դարձավ ծանր ժամանակներ ապրող հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկին: Որը մեր աչքի առաջ օրնիբուն ու հետևողականորեն կատարում է իր բազմադարյա գլխավոր գործառույթը. Հայաստանի, հայ ազգի և հայ ինքնության փրկությունը:
Երեկ Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Մասիսի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատարագ մատուցեց և քարոզ արտասանեց, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում: Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այն անվանեց իր երբևէ լսած լավագույններից մեկը՝ գրելով. «Ողջ եկեղեցին, շունչը պահած, լսում էր…»։
Վարդապետը թեմի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատեց ալեկոծության մեջ ընկած նավակի հետ և ընդգծեց, որ հոգևորականներն ու հավատացյալները ջանում են չտրվել վախին և ապավինում են Տիրոջը: «Հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց ինչպես առաքելական թուղթն է մեզ հորդորում, մենք չենք գնում կռիվ անելու, մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր արարման առաքելությամբ»,- ասաց Ռուբեն վարդապետը։ Եվ կրկնեց Հիսուսի խոսքերը. «Ե՛Ս եմ, մի վախեցեք»:
ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ Է, ՈՐ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԸ ՀՆՉԵՑԻՆ ՄԱՍՅԱՑՈՏՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ, որն այսօր չլսված հալածանքների ու ճնշումների է ենթարկվում ամեն տեսակի աստվածուրացների կողմից: Ջրբաժանն անցնում է հենց այստեղ. վսեմն՝ ընդդեմ ողորմելիի և նսեմի, հոգևորը՝ ընդդեմ մարմնականի և զազրելիի, աստվածայինը՝ ընդդեմ սատանայականի և մեղսավորի։ Մնացած ամենը ածանցյալ է: Եվ հենց այստեղից է բխում Հայ Եկեղեցու հիրավի պատմական նշանակությունը, որն առավել ցայտուն ու ակներև է դրսևորվում ազգի ու պետության համար վտանգավոր և սպառնալից ժամանակաշրջաններում:
Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ 20-րդ դարասկզբի Ցեղասպանությունից հետո, էլ ե՞րբ է մեր եկեղեցին այսչափ տեսանելի կարևոր, որոշիչ դեր կատարել ժողովրդի և ազգի համար: Էլ ե՞րբ են սովորական թվացող պատարագների մասին հաղորդագրությունները զբաղեցրել լրահոսի առաջին տողերը: Էլ ե՞րբ է Վեհափառ Հայրապետի գործունեությունն այսքան սևեռուն ուշադրության տակ եղել և իր անվերապահությամբ ապշեցուցիչ այսպիսի զորակցություն վայելել ճշմարիտ հավատացյալ հայերի կողմից:
Անկեղծ լինենք. հավատքին և Եկեղեցուն ավանդական նվիրվածությամբ հանդերձ, հայ ժողովուրդը դեռ բոլորովին վերջերս իր ճնշող մեծամասնությամբ չէր մտորում քրիստոնեության խորքային էության և իր համար նրա նշանակության մասին: Աստվածաշունչ չէր կարդում՝ լավագույն դեպքում անգիր իմանալով միայն «Հայր մեր»-ը, պարբերաբար չէր հաճախում պատարագի և ժամերգության, չգիտեր հոգևորականների անունները, բացառությամբ, իհարկե, Կաթողիկոսի ու տեղի հովիվների։
Մարդիկ քիչ էին հետաքրքրվում Հայ Եկեղեցու պատմությամբ, սահմանափակվելով «քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհի առաջին ազգի» մասին ծեծված խոսքերի կրկնությամբ։ Նաև լսած լինելով Հայոց ցեղասպանության տարիներին հայկական հոգևոր ժառանգության փրկության ու պահպանման գործում Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի դերի մասին։ Հայ Առաքելական Եկեղեցու դերը մի քիչ ավելի ցայտուն դարձավ Արցախյան առաջին ազատամարտի շրջանում, բայց ոչ որոշիչ, քանզի դա ազգային միասնության և համախմբման շրջան էր, և Եկեղեցին այդ միասնության մասն էր:
Տեսեք, թե այսօր ինչքան մարդ է ժամերգության գալիս նույնիսկ ամենահեռավոր գյուղերում։ Նայեք նրանց դեմքերին պատարագի և քարոզների ժամանակ. խոհուն, հոգևոր ոգեշնչանքով առլեցուն, առօրյայի ունայնությունից կտրված, հավերժությանը դարձած՝ այն հույսով ու հավատով, որ հենց Եկեղեցին է ի զորու փրկել մեր երկիրը վերջնական կործանումից, իսկ հայ ազգին՝ իր իսկության վերջնական կորստից:
Տեսեք, թե ոգով անկոտրում, խարիզմատիկ և պասիոնար ինչ առաջնորդներ տվեց մեր Եկեղեցին կես տարուց Էլ պակաս ժամանակահատվածում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, Միքայել Աջապահյան, Արշակ Խաչատրյան, Մկրտիչ Պռոշյան… Ինչ ուշադրությամբ են լսում ու տարածում նրանց հայտարարությունները, ելույթներն ու կոչերը, որքան իմաստություն կա նրանց ելույթնում և ինչ արժանապատվությամբ ու տոկունությամբ են կրում նրանք իրենց խաչը: Տեսեք, թե համացանցում ինչ ժողովրդականություն են վայելում Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի աստվածաբանական զրույցները:
«ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Բագրատ Սրբազանի ելույթների շնորհիվ վերածվում է իշխանական ոհմակի անողոք դիմակազերծման, Հայաստանի ապագայի հանդեպ անսասան հավատի և պայքարի մանիֆեստի: Միքայել Սրբազանի ամեն բառը դիպուկ զարկում է թիրախին, քանզի այնքան հստակ ու անողոք գնահատական է տալիս կատարվող ամենին, և այնքան խորունկ ցավով ու սիրով է տոգորված Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Իսկ ինչպիսի՜ արժանապատվություն և իր բացառիկ գործառույթի ու մեծագույն պատասխանատվության խորքային գիտակցում կա Գարեգին Բ Կաթողիկոսի վարքագծի և խոսքերի մեջ…
Ինքն էլ չցանկանալով՝ դիվական նպատակներով գործող փաշինյանական ոհմակը հասավ ճիշտ հակառակ արդյունքի. հայ ազգը իսկապես վերադարձավ Եկեղեցու գիրկը՝ հիշելով քրիստոնեության մնայուն արժեքների և դրանց հետևելու ու պահպանելու կարևորության մասին։ Հենց այս ամենի մասին է այսօր յուրաքանչյուր ժամերգությունը Հայաստանի և Սփյուռքի եկեղեցիներում, իր Եկեղեցուն և իր Վեհափառ Հայրապետին հավատարիմ հոգևորականի յուրաքանչյուր քարոզը, ճշմարիտ հավատացյալ հայի ամեն շունչն ու աղոթքը:
Կատարելով քրիստոնեական լուսավորության, Աստծուն և Հայրենիքին ծառայության իր մեծ առաքելությունը՝ Հայ Եկեղեցին կանգնեց իր զավակների կողքին և փաստացի առաջնորդեց այսօր նաև քաղաքական պայքարը, քանզի, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, ինքն է գնում մարդկանց ընդառաջ և ուսուցանում նրանց, թե ինչպես լինել ու մնալ հայ՝ Հայրենիքի ճակատագրի համար ամենածանր ու վտանգավոր ժամանակներում:
Եվ մի՞թե դրանում չէ պատվով կատարված և դարերի ու ծանր փորձությունների միջով անցած նրա սրբազան նախանշանակությունը։
