Логотип

Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից կբռնագանձվի մոտ 298 միլիոն դրամ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար դոլարին համարժեք դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` չնշելով այդ անձի անունը։

Նշվում է, որ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի (ըստ «Դատալեքսի»` Անուշավան Ղազարյանի. խմբ.) միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիրը՝ Երևանի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի վերաբերյալ։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այս տարվա հունվարի 23-ին կայացրած վճռով բավարարել է դատախազության հայցը, անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել է բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ։ Բռնագանձումը պետք է արվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։

Sputnik Արմենիա