Իսրայելը ցանկանում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը դուրս բերել հաջորդ փուլ, Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Սաարը կարծիք է հայտնել, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն:
«Վերջին տարիներին երկուսս էլ բախվել ենք լուրջ մարտահրավերների, սակայն այդ դժվարություններից դուրս ենք եկել ավելի ուժեղ։ Մենք ցանկանում ենք այս ռազմավարական գործընկերությունը տեղափոխել հաջորդ փուլ։ Մտադիր ենք մեծացնել փոխադարձ ներդրումներն ու կապերը»,- հայտարարել է նա։
Սաարն ասել է, որ իսրայելական կողմը ցանկանում է ներդրումներ կատարել Ադրբեջանում պաշտպանության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտներում:
Իսրայելցի նախարարն Ադրբեջան է ժամանել բիզնեսի ներկայացուցիչների պատվիրակությամբ, որոնք մասնակցել են այցի շրջանակներում անցկացված ադրբեջանա-իսրայելական գործարար համաժողովին: Այցի շրջանակներում Սաարը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իսրայելցի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում հայտնել է, որ Սաարին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի և կարգավորման, ինչպես նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին: Իր հերթին՝ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության հասնելու կապակցությամբ՝ նշելով, որ դա կհանգեցնի տարածաշրջանում բարգավաճման:
Բայրամովը նաև հայտարարել է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանում իսրայելցի գործարարների հեռանկարների և հնարավորությունների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի շուկա համատեղ դուրս գալու վերաբերյալ:
Armenia Today
