Ադրբեջանում 3 քաղաքացի է ձերբակալվել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ծառայություններից մեկի նկատմամբ ահաբեկչության փորձ կազմակերպելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։
«Օպերատիվ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիև Իլդար Իլհամ օղլուն (ծնվ․ 2000թ․), Պիրիև Ամին Էլշադ օղլուն (ծնվ․ 2005թ․) և Ալիզադե Էլվին Սանան օղլուն (ծնվ․ 2005թ․) կրոնական թշնամանքի հենքի վրա պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Բաքվում օտարերկրյա դեսպանության նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կասկածյալները հանցավոր կապի մեջ են եղել ահաբեկչական «Վիլայաթ Խորասան» խմբավորման հետ, որն «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միավոր է։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը չի նշում, թե որ պետության դեսպանության նկատմամբ է կազմակերպվելիս եղել ահաբեկչությունը։
