Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները աննախադեպ են լինելու բազմաթիվ առումներով, բայց առաջին հերթին՝ դրանց արդյունքներով արտաքին շահագրգռվածության և, որպես հետևանք՝ ընտրությունների ընթացքի վրա արտաքին ազդեցության աստիճանով: Նիկոլ Փաշինյանը ողջ թափով կօգտվի այդ հանգամանքից. հասարակության շրջանում ժողովրդականության բացակայության պայմաններում արտաքին գործոնը Փաշինյանի գլխավոր լծակն է դառնում հունիսին կայանալիք ընտրություններում։
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԷՐԴՈՂԱՆԻ Ու ԱԼԻԵՎԻ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՎԵԼ Է ԲԱԶՄԻՑՍ։ Ալիևին ցանկալի է Փաշինյանի վերընտրությունը, քանի որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ կապված վիթխարի ծրագրեր ունի։ Այդ ծրագրերի առաջին կետը Հայաստանի Սահմանադրության փոփոխումն է, և Փաշինյանի դերը շատ կարևոր է, քանզի արդեն այսօր կարելի է վստահաբար ասել, որ վարչապետի մյուս հիմնական հավանական թեկնածուներից ոչ մեկը Բաքվի ձևաններով կարած նոր Սահմանադրություն ընդունել չի պատրաստվում։
Սահմանադրության փոփոխումից հետո Ալիևի համար հերթը կգա իր վերահսկողության տակ առնելու, այսպես կոչված՝ անկլավները, «Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան սահմանազատման ու սահմանագծման» սոուսի տակ։ Այնուհետ՝ հասնելու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որպիսին Ադրբեջանում համարում են «Թրամփի երթուղին», իսկ հետո արդեն շանտաժով ու սպառնալիքներով առաջ կմղեն Հայաստանի տարածք «ադրբեջանցիների վերադարձի» գործընթացի մեկնարկը։ Եվ եթե դա ուղեկցվի միջադեպերով, ինչն առավել քան հավանական է, ապա կգնահատվի որպես նոր ռազմական զավթախուժման առիթ…
Ալիևի նպատակները վիթխարի են, և նա հասկանում է, որ դրանց հասնելու համար պետք է օգնել Փաշինյանին վերընտրվել։ Այստեղից էլ Ադրբեջանի տարածքով տարանցման բացումը Հայաստանի համար, նավթամթերքի առաջին մատակարարումները, մի քանի պատանդների ազատ արձակումը։ Ուրիշ քայլեր էլ կլինեն։
Էրդողանի համար Փաշինյանի վերընտրվելը նշանակում է Ցեղասպանության թեմայի փակում, ինչը նույնպես հնարավոր է միայն ներկայիս վարչապետի վերընտրվելուց հետո։ Եվ, իհարկե, Ադրբեջանի հետ անարգել կապ Հայաստանի տարածքով, Թուրքիայի դերի աճ՝ որպես տարածաշրջանային հեգեմոնի։ Էրդողանը հասկանում է, այդպիսի գլոբալ նպատակների հասնելու համար պետք է օգնել Փաշինյանին վերընտրվել։ Անկարայի առաջին քայլը տեսանելի ապագայում հայ-թուրքական սահմանի բացումն է որոշակի կատեգորիայի անձանց համար։
Փաշինյանի հաղթանակով շահագրգռված են նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ը։ Ամերիկացիներն ուրախ են, որ հնարավորություն կա ամրապնդելու տարածաշրջանում իրենց դիրքերը «Թրամփի երթուղու» միջոցով, քանի որ դա տեղավորվում է իրեն «Երկիր մոլորակի գլխավոր տնօրեն» նշանակելու Թրամփի ծրագրերի մեջ, ինչպես արտահայտվեց փորձագետներից մեկը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի կողմից ի հեճուկս ՄԱԿ-ի հիմնադրվող «Խաղաղության խորհուրդը»: Այդ ճանապարհին «Թրամփի երթուղին» դիտվում է որպես բավական կարևոր փուլ, շատ շահավետ նախևառաջ ԱՄՆ գործող վարչակազմի պիարի տեսանկյունից, ուստի պետք է աջակցեն Փաշինյանին, և ահա փոխնախագահ Վենսը պատրաստվում է ճամփա ընկնել՝ Փաշինյանի կառավարության հետ միջուկային ծրագրի և կիսահաղորդիչների վերաբերյալ համաձայնագրեր ստորագրելու համար։
Եվրոպայի համար Փաշինյանը կարևոր է նախևառաջ որպես տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցման ուղղությամբ աշխատող առաջնորդ, դրա համար էլ ԵՄ-ն գումարներ է հատկացնում Փաշինյանին կոնկրետ հակառուսական քարոզչության համար և խորհուրդ տալիս օգտագործել «մոլդովական սցենարը»։ Փաշինյանն արդեն գործում է այդ «սցենարով». ճիշտ ինչպես Մոլդովայում՝ ընդունվել է օրենք, որը կառավարության վերահսկողության տակ է առնում ընտրությունների դիտորդական առաքելությունները:
Դե, և իհարկե, Փաշինյանի հաղթանակով ԵՄ-ի գլխավոր շահագրգռվածությունը կարտահայտվի այս տարվա մայիսին, երբ Եվրոպայի և ոչ միայն Եվրոպայի երկրների առաջնորդները կհավաքվեն Երևանում՝ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին։ Այս միջոցառումից մեծ ակնկալիքներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Հուսալով, թե դրա օգնությամբ, հենց ընտրությունների շեմին, իրեն կհաջողվի բեկել իրավիճակը և իր կողմը գրավել քաղաքացիներին՝ հակառակ այսօրվա սոցիոլոգիական հարցումների համընդհանուր ընդունված արդյունքների, որոնց համաձայն՝ գործող իշխանական կուսակցությունը, նույնիսկ վարչական ռեսուրսի գործարկումով, անկարող է հավաքել ընտրողների ձայների մեկ երրորդից ավելին։
