Իշխանությունները հետ են կանգնել Ոսկետափի եկեղեցու հոգևոր սպասավոր Արտաշես քահանա Հակոբյանին հեռացնելու մտքից, երբ տեսել են համայնքի միասնական աջակցությունը նրան, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Արտաշես քահանան միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց՝ հունվարի 17-ին, հայտարարել, որ հրաժարվում է այդ որոշումից։
Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը հունվարի 24-ին այցելել էին եկեղեցի և քահանա Հակոբյանից պահանջել ազատել եկեղեցին մեկ ժամից, որպեսզի փոխեն փականները։
Ըստ թերթի՝ քահանային սպառնացած բարերարը և այլ անձինք չեն վերադարձել եկեղեցի, քանի որ քահանայի ահազանգին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, իսկ համայնքի տասնյակ հարյուրավոր բնակիչներ շտապել են եկեղեցի` աջակցություն հայտնելով Մայր Աթոռի սպասավորին։ Բնակիչները պատրաստակամություն են հայտնել անձամբ վռնդել բարերարին ու ցանկացած մեկին, ով կհանդգնի քահանային հանել եկեղեցուց, նշել է թերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր ևս պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:
Armenia Today
