Логотип

Գրիգորյան․ Բուժաշխատողներն պաշտպանված չեն, հաճախ զրկվում են աշխատանքից, քանի որ բարձրաձայնում են խնդիրները

AntiCor հակակոռուպցիոն հարթակն անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։

«Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը հայտարարեց, որ բացարձակապես չի արդարացնում գումարի սև շրջանառությունն առողջապահական ոլորտում, սակայն, ըստ նրա, սա իրականանում է այն պատճառով, որ պետական համակարգում սահմանվող առողջապահական ոլորտի բուժծառայությունների գները ծիծաղելի են։

«Օրինակ՝ ապահովագրական համակարգում սոնոգրաֆիայի արժեքը 3000 դրամ է, երբևիցե որևէ բուժկենտրոնում այդ գումարով սոնոգրաֆիա արած կա՞ք, դոպլերը 4000 դրամ է, գաստրոսկոպիան 12000 դրամ է, իսկ բուժաշխատողը դրանից ստանում է 20 տոկոսը, որը հարկվում է»,- մանրամասնեց բժիշկը։

Նա ասաց, թե այսօր ֆինանսապես ավելի ձեռնտու է անձրևոտ եղանակին աշխատել տաքսու վարորդ, քան՝ բժիշկ առօրյայում։

Գրիգորյանի խոսքով՝ բուժաշխատողներն այսօր շատ հաճախ զրկվում են աշխատանքից, քանի որ բարձրաձայնում են խնդիրները։

«Բուժաշխատողներն այսօր պաշտպանված չեն, իսկ դրա մեղավորներից մեկը քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են, որովհետև մոռանում ենք, որ առողջապահությունից կախված ենք բոլորս՝ անկախ քաղաքական պաշտոնից կամ սոցիալական կագավիճակից, ուստի՝ բժիշկներն ու բուժաշխատողները կենսական կարևորություն են ներկայացնում Հայաստանի համար»,- ընդգծեց Գևորգ Գրիգորյանը։

Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացրել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք խոսել են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։

Aysor.am