Логотип

Արսեն Բաբայան․ Կոռուպցիայի դեմ պայքարում չկա առաջընթաց՝ ի հակադրումն բարձրագոչ հայտարարությունների

«Համակարգային կոռուպցիոն պրիմիտիվ կաշառք տալը չի և դրանից իշխանության վերևներում գտնվողներին բաժին տալը չի։ Համակարգային կոռուպցիան շատ խորքային նշանակություն ու վտանգավորություն ունի»,-կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի բացման խոսքում ասաց AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Նա նախ ներկայացրեց, որ հարթակը լրատվամիջոց չէ, այն կարող է լրագրողների, իրավապաշտպանների, հասարակական-քաղաքական գործիչների համար լինել գործիք, որպեսզի ունենան փորձագիտական կարծիք։

«Մենք կանք և շարունակելու ենք լինել լրատվամիջոցի գործիք, գործընկեր, լրատվամիջոցին աջակցող փորձագիտական խումբ։ Հարթակի գործունեության չորս ամսվա ընթացքում մենք արձանագրել ենք, որ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարում չկա առաջընթաց՝ ի հակադրումն բարձրագոչ հայտարարությունների։ Գալով իշխանության հայտարարում էին «մենք կոռուպցիան վերացնելու ենք», «պայքարելու ենք կոռուպցիայի դեմ», մինչդեռ այդ ամենը հողի վրա չենք տեսնում»,-ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը տարիներ շարունակ չի փոխվում, ինչը վկայում է լճացման, ոչ թե բարեփոխման մասին։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն արձանագրել է, որ հասարակությունը չի հավատում հակակոռուպցիոն քաղաքականությանը, հարցվածների միայն 3 տոկոսն է համարում, որ իշխանությունը կոռոպցիայի դեմ պայքարում ձեռքբերում ունի, ինչը ոչ թե վստահության, այլ հիասթափության ցուցանիշ է։

Panorama.am