Логотип

XVI ԴԱՐԻ ԿԻՆ ԳՐՈՂԻ՝ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ՈԳՈՎ ԳՐՎԱԾ ՄՈՌԱՑՎԱԾ ՎԻՊԱԿԸ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Գիտնականները և գրողները նոր կյանք են հաղորդել XVI դարի իսպանացի գրող Բեատրիս Բերնալի գրեթե մոռացված ասպետական վիպակին՝ այն հասանելի դարձնելով ժամանակակից պատանի ընթերցողներին նկարազարդված ադապտացիայի միջոցով, գրել է The Guardian-ը։

Cristalián de España ինքնատիպ վիպակը, որն առաջին անգամ հրապարակվել է 1545թ., այսօր համարվում է իսպանական արձակի ամենավաղ հայտնի ստեղծագործությունը, որի հեղինակը կին է, բայց երկար ժամանակ մնացել է ավելի հայտնի գրականության, այդ թվում Միգել դը Սերվանտեսի Դոն Քիշոտի ստվերում։

Ադապտացիայի հեղինակը մանկական գրող Դիեգո Արբոլեդան է, որն առաջին անգամ Բրենալի տեքստին ծանոթացել է ուսանելու տարիներին։ Իր տարբերակում, որը վերնագրված է Las aventuras del caballero Cristalián («Ասպետ Կրիստալիանի արկածները»), նա վերամշակել է բնօրինակի առանձին դրվագներ՝ ավելացնելով նկարչուհի Էուխենիա Աբալոսի վառ նկարազարդումները և պատումը դարձնելով ավելի մոտ և հասկանալի ժամանակակից լսարանի համար։

Հեղինակի նպատակն է ցույց տալ, թե որքան դյութիչ և ֆանտաստիկ կարող է լինել վիպակը՝ նրա ոգին համեմատելով հայտնի սագաների հետ, ինչպիսին է Մատանիների տիրակալը։

Բերնալը, որը ծնվել է XVI դարասկզբին Իսպանիայի հյուսիսում, ունևոր ընտանիքում, հրապարակել է Cristalián de España-ն վաղ տարիքում։ Առաջին հրատարակությունն անանուն էր, բայց 1587թ. նրա մահվանից հետո կատարված հրատարակման մեջ արդեն անունը հիշատակված է, ինչը նրա համար տեղ է ապահովել գրականության պատմության մեջ։

Ժամանակին վեպը գնահատել են հարուստ արկածների, մոգական էակների և ուժեղ կանացի կերպարների համար, որոնք խիստ տարբերվում էին ժանրին բնորոշ ավանդական պասիվ կերպարներից։ Հերոսները, ինչպիսին են իմաստուն Մեմբրինան և պայքարող-ասպետուհի Միներվան, ակտիվ դիրքորոշում և ինքնուրույնություն են ցուցադրում։

Գիտնականները և գրականագետներն ընդգծում են, որ Բերնալի ավանդը կարևոր նշանակություն է ունեցել կանանց գրական ձայնի ճանաչման համար մի դարաշրջանում, երբ «ասպետական վեպերի» ժանրը համարվում էր բացառապես տղամարդկային։ Նոր ադապտացիան կարող է օգնել վերականգնել պատմական արդարությունը և այս ինքնատիպ պատմությունը ներկայացնել ընթերցողների նոր սերունդներին։

News.am