Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսված է փետրվարի 1-ին, կանցկացվի երկկողմանի՝ առանց ամերիկացի ներկայացուցիչների մասնակցության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, որոնք հեռարձակվել են NBC-ի կողմից։
«Նրանք այս շաբաթ շարունակելու են բանակցությունները, այս անգամ՝ երկկողմանի։ ԱՄՆ ներկայությունը հնարավոր է», – ասել է Ռուբիոն։ Նա նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն ներկա լինի, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, չեն մասնակցի բանակցություններին։ Նրանք նախկինում մասնակցել են Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ եռակողմ խորհրդակցություններին հունվարի 23-24-ին։
Պետքարտուղարը նշել է, որ բանակցությունները ներկայումս կենտրոնացած են մեկ հիմնական թեմայի՝ «Դոնեցկի վերաբերյալ տարածքային պահանջների» շուրջ։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք պարզելու համար, թե արդյոք երկու կողմերի դիրքորոշումները կարող են համաձայնեցվել այս հարցում»։ «Դա դեռևս կամուրջ է, որը մենք չենք անցել», – հայտարարել է Ռուբիոն։ Նա հավելեց, որ Ուկրաինայի համար քաղաքականապես դժվար է «նույնիսկ մտածել» տարածքային զիջումների մասին։
Սթիվեն Վիտկոֆը Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների նախորդ փուլը բնութագրել է որպես կառուցողական։ Ուկրաինական կողմը դրանք անվանել է բովանդակալից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների դադարեցման հնարավորության հետ կապված հարցերի լայն շրջանակ, և կողմերը մշակել են խաղաղության ծրագրի բոլոր կետերը՝ նվազեցնելով վիճելի հարցերի քանակը։ Սակայն տարածքային հարցը մնում է չլուծված. Ռուսաստանը շարունակում է պնդել ամբողջ Դոնբասի հանձնման վրա, որը չի կարող ամբողջությամբ գրավել։
News.am
