Մարդու իրավունքների պաշտպանի՝ այս տարվա գործունեության առաջնահերթությունների թվում են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման նոր ու արդյունավետ կառուցակարգերի ներդրման ու զարգացման հարցերը։
ՄԻՊ–ից հայտնում են, որ այս ոլորտում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների, ինչպես նաև կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել տարաբնույթ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ կարևորելով կառուցողական երկխոսությունը ինչպես գործարար համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ պետական մարմինների հետ։
Քննարկվող ոլորտում ստացվող բողոքների բավականին մեծ թիվ վերաբերում է քրեական վարույթի շրջանակում խուզարկությունից անմիջապես հետո խուզարկված վայրը նախաքննական մարմնի կողմից կապարակնքելու և երկար ժամանակ կապարակնքված պահելու կամ հետագայում խուզարկություն իրականացնելու նպատակով տարածքը նախապես կապարակնքելու դեպքերին, խուզարկությամբ այնպիսի իրեր (համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, սարքավորումներ և այլն) առգրավելու և տևական ժամանակ չվերադարձնելու իրավիճակներին, երբ այդ իրերը էական նշանակություն ունեն ձեռնարկատիրական գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու համար։
Նշվածի հետևանքով մի շարք դեպքերում անձինք տևական ժամանակ զրկված են լինում ձեռնարկատիրական գործունեությունը (այդ թվում՝ կոնկրետ տարածքներում) շարունակելու հնարավորությունից։
Հարկ է նշել, որ մի շարք դեպքերում անհատական բողոքներով բարձրացված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում ստանում են լուծում։ Պաշտպանը կարևորում է այս առումով պետական մարմինների հետ ձևավորված համագործակցությունը։
Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը և խնդրահարույց է համարում այն պրակտիկայի շարունակականությունը, երբ վարույթն իրականացնող մարմինների կողմից խուզարկության իրականացումից և վարույթի համար նշանակություն ունեցող իրեր վերցնելուց, կամ խուզարկված տարածքը կապարակնքվելուց հետո անձի սեփականության, տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքները տևական ժամանակ սահմանափակվում են՝ առանց այդ սահմանափակման անհրաժեշտությունն ու բացառիկ իրավական շահի առկայությունը պատշաճ հիմնավորելու։
Պաշտպանը կարևորում է քրեական վարույթներով օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացումը, միևնույն ժամանակ առանցքային է համարում, որպեսզի գործարարների իրավունքների սահմանափակման յուրաքանչյուր դեպք համապատասխանի իրավաչափության չափանիշներին և բացառվեն քննության ընթացքում վերը նշված սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակումների դեպքերը։
Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող մի շարք այլ խնդիրներ ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում և զեկույցներում։
Verelq.am
