Логотип

Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կօտարի «Պասկևիչի բլուրը»

Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կօտարի և հանրության գերակա շահ կճանաչի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուրը» և հարակից տարածքները։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ այս որոշումն ընդունել է Երևանի ավագանին 2024 թ. սեպտեմբերին:

Ըստ այդ որոշման` Երևանի գլխավոր հատակագծով Երևանի կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում (մոտ 81 հա) Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ «Պասկևիչի բլուրի» և դրա հարակից մասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոն, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտի:

Քաղաքաշինական այս ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ–ները: Պետության անունից պայմանագիրը կկնքի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևան քաղաքի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ կստեղծվեն նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:

Ի դեպ, «Պասկևիչի բլուրը» ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար, սակայն ներկայումս, ըստ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորման` տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները:

Հիշեցնենք, որ գեներալ Պասկևիչը 1826-28 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ռուսական զորքերի հրամանատարներից մեկն է, 1828 թ.-ին Արևելյան Հայաստանի և Երևանի բերդի ազատագրման գլխավոր դերակատարը: Մասնակցել է նաև 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմին, իսկ ավելի վաղ՝ 1812-14 թվականներին, Հայրենական պատերազմին և Փարիզի գրավմանը։

Sputnik Արմենիա