Հայաստանում 2026 թվականի մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր։ Դրա փոխարեն աշխատանքային օր կլինի 2026 թվականի ապրիլի 18-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Կառավարության որոշման համապատասխան նախագիծը։
Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գարնանային գագաթնաժողովով։
Հարությունյանը նշեց, որ Հայաստանը 2022 թվականից՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումից սկսած, որը տեղի է ունեցել Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ակտիվորեն ներգրավված է եղել այս հարթակի բոլոր հանդիպումներին և քննարկումներին։
Եվրոպական քաղաքական համայնքը ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների առաջնորդների համար երկխոսության հարթակ է՝ ուղղված անվտանգության, տնտեսության և համագործակցության հարցերին։ Գագաթաժողովներն անցկացվում են տարեկան երկու անգամ՝ գարնանը՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրում, իսկ աշնանը՝ ԵՄ անդամ երկրում։
«Ինչպես գիտեք, նախորդ տարի որոշում է կայացվել 2026 թվականի գարնանային գագաթաժողովի հյուրընկալումը վերապահել Հայաստանին»,-նշեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ դա վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին։
Նա հիշեցրեց, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է գագաթաժողովն անցկացնել 2026 թվականի մայիսի 3-ին և 4-ին։
Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ միջոցառմանը նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցություն՝ երկրների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով։
Հարությունյանի խոսքով՝ Երևան քաղաքի տրանսպորտային երթևեկությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջացել է աշխատանքային օրվա տեղափոխման անհրաժեշտություն։
«Մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխում ենք ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը։ Հաշվի առնելով, որ նախորդ երեք օրերն էլ հանգստյան են, հարկ ենք համարել այս որոշումը ընդունել նախապես, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան պլանավորել իրենց արձակուրդը»,– ասաց նա՝ հավելելով, որ արդյունքում՝ մայիսի 1-ը, 2-ը, 3-ը և 4-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր։
