Սկսվել է էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որի նպատակն է Նախիջևանը միացնել Ադրբեջանի գլխավոր էլեկտրացանցին և ձևավորել Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«ԱզերԷներջի» ընկերությունում հայտնել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ընկերությունը կառուցում է 74 կիլոմետրանոց, 330 կՎ-անոց լարման, 1000 ՄՎտ հզորությամբ, կրկնակի շղթայական բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ Ջրականից մինչև Աղբենդ, և զուգահեռ 105 կիլոմետրանոց գիծ Նախիջևանից մինչև Օրդուբադ։ Գիծը, որն անցնում է Արաքս գետի երկայնքով և որոշ հատվածներում՝ լեռնային և ժայռոտ տարածքներով, կառուցում է «ԱզերԷներջի»-ին՝ չափազանց դժվար տեղանքում և կոշտ կլիմայական պայմաններում։
Նախագծի հաջորդ փուլը կներառի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի երկայնքով լրացուցիչ 44 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը, ի վերջո, կմիանա Աղբենդ-Օրդուբադ էլեկտրահաղորդման գծին։ Միաժամանակ, Նախիջևան քաղաքում կկառուցվի նոր 330 կՎ-անոց ենթակայան։ Այդ նպատակով արդեն հատկացվել է 49 հեկտար հողատարածք, և սկսվել են մոբիլիզացման աշխատանքները։
«Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցք» նախագծի շարունակության շրջանակում նախատեսվում է ևս մեկ ռազմավարական փուլ։ Մասնավորապես, Նախիջևանից Թուրքիա կկառուցվի 230 կիլոմետրանոց 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ, և Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ կկառուցվի 400 կՎ փոխակերպիչ կայան։
«Այդ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը երկրի միասնական էներգետիկ համակարգում լիարժեք ինտեգրելու, հաճախականության կարգավորման համար ինքնավար հանրապետության կախվածությունը օտարերկրյա պետություններից վերացնելու և եվրոպական էներգետիկ շուկաներ մուտք գործելու առումով։ Այն համարվում է Ադրբեջանի պատմության մեջ ամենախոշոր էներգետիկ նախագծերից մեկը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
News.am
