Логотип

ՀՀ-ՌԴ համագործակցության շարունականությունը վերահաստատվել է. Ղազարյանն ընդունել է Բուտկոյին

Հայաստանն ու Ռուսաստանը վերահաստատել են փրկարար ծառայությունների գծով համագործակցության շարունակականությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այսօր ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։

Ղազարյանն ընդգծել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարևորությունը և նշել, որ վերջին 10 տարում կենտրոնն իր առջև դրված խնդիրները լուծել է պատասխանատվությամբ և օպերատիվ արձագանքման հանձնառությամբ։

«ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ասել է, որ ժամանակակից մարտահրավերները Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված մոտեցումներ բնակչության պաշտպանության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հումանիտար օգնության տրամադրման համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում։

Ղազարյանը վստահեցրել է նաև, որ ՆԳՆ-ն հետագայում ևս պատրաստ է գործադրել առավելագույն ջանքեր, որոնք կնպաստեն համագործակցության ամրապնդմանը։

Վյաչեսլավ Բուտկոն էլ ընդգծել է, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։ Նա շեշտել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում առանձնահատուկ դեր ունի Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, որը պահանջված ու արդյունավետ հարթակ է։

«Երկուստեք վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը, մասնավորապես, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման համատեքստում»,– նշված է հաղորդագրությունում։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրել է կենտրոնի` 2025 թվականի գործունեությունը և ընթացիկ տարվա աշխատանքի առաջնահերթությունները։

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն նաև ծաղիկներ են խոնարհել Փրկության նվիրյալների պատվո հուշարձանին։

Sputnik Արմենիա