ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հարկերի և վճարների վերաբերյալ հրապարակված տվյալներով Արդշինբանկը առաջինն է հայաստանյան բանկերի շարքում ընդհանուր հարկային մուտքերով և ընդգրկված է Հայաստանի 1 000 խոշորագույն հարկատուների լավագույն հնգյակում։
2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆ՝ պետբյուջե վճարելով 38 մլդ դրամ։ Անուղղակի հարկերի և այլ հարկերի և վճարների գծով 2,2 մլդ դրամի մուտքերի ներառմամբ Արդշինբանկի ընդհանուր հարկային վճարները կազմել են 42,6 մլրդ դրամ, ներառյալ 2,4 մլրդ դրամ հարկային մուտքեր Արդշինինվեստբանկից, որը 2025 թվականի ապրիլի 21-ից միացել է Արդշինբանկին։
«Այս ցուցանիշը մեզ համար առանցքային է։ Այն Արդշինբանկի հմուտ ֆինանսական կառավարման, թափանցիկ գործունեության և երկարաժամկետ ռազմավարության իրագործման արդյունքն է։ Մենք հետևողականորեն կատարում ենք մեր պարտավորությունները պետության հանդեպ՝ գիտակցելով, որ հարկերը ոչ միայն պատասխանատվություն են, այլ նաև ներդրում երկրի տնտեսական կայունության, զարգացման և ապագայի մեջ։ Սա մեր կարգախոսի ևս մեկ վառ դրսևորում է։», — նշեց բանկի Ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Նշենք, որ Արդշինբանկը կայուն հետևողականությամբ ապահովում է պետբյուջե կատարվող մեծ ծավալի վճարումներ, ավելին՝ ցուցաբերում է աճ՝ թե՛ շահութահարկի, և թե՛ եկամտային հարկի գծով։ Արդշինբանկի կողմից 2025թ. բյուջե կատարված փոխանցումներից 26,9 մլրդ դրամը վճարվել է շահութահարկի և 11,1 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով։ Ի լրումն, 1,8 և 0,5 մլրդ դրամ համապատասխանաբար վճարվել է Արդշինինվեստբանկի կողմից:
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 580 000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2 300-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
