Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է մոտենում։ Այն մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։ Դրա հետևանքով վաղը երեկոյան ժամերից հանրապետության առանձին շրջաններում կլինեն տեղումներ հիմնականում ձյան տեսքով, լեռնային շրջաններում կգրանցվի քամու ուժգնացում, բուք, ցածր տեսանելիություն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, ցիկլոնը հարավ-արևմուտքից իր հետ բերում է տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից հանրապետության ողջ տարածքում, այդ թվում Արարատյան դաշտավայրում ու Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով։
«Այսինքն, չնայած սպասվող տեղումներին՝ մենք հանրապետության ողջ տարածքում կունենանք ջերմաստիճանի բարձրացում ու սառը օդի լճացման վերացում»,-ասաց Սուրենյանը։
Panorama.am
