Логотип

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԻՄ ԵՐԿԻՐԸ ԲՌՆШԶԱՎԹՎԱԾ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ, ՖԻԶԻԿԱՊԵՍ՝ ԱԼԻԵՎԻ. ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ՝ ԵԽԽՎ-ՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անսովոր է լռություն «լսել» այն դեպքում, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը պետք է խոսի, այդպես չէ՞: Այս մասին, ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ իր խոսքից առաջ որոշակի պաուզա պահելուց հետո։

«Այժմ դուք ունեք նույն զգացողությունը, ինչ մենք՝ հայերս, երբ սպասում ենք միջազգային հանրության արձագանքի՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով՝ լռություն: Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են՝ լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում՝ լռություն:

Մենք նախաձեռնում ենք իմպիչմենտի գործընթաց, և ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է՝ լռություն: Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին և մի ամբողջ լրատվական գործակալություններին՝ լռություն: Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում, և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով՝ լռություն:

Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կամ ձերբակալում են, կամ արգելում բացակայել երկրից՝ լռություն: Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել, քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի: Իմ ավելի քան 50 հայրենակից Հայաստանում զրկված են ազատությունից իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով՝ իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են:

Ես ինքս ինձ համար որոշում կայացրել եմ՝ չեմ լռելու: Այժմ, տիկնայք և պարոնայք, ընտրություն կատարելու ձեր հերթն է»,- նշել է Մամիջանյանը:

News.am