Գնալով ավելի ենք վերածվում աբսուրդի ու բռնապետության երկրի։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի դեմ: Պատճառն այն է, որ Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով Գարեգին Բ Կաթողիկոսը կարգալույծ է հայտարարել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որն այսուհետ դասված է աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան անունով:
ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ՀՈԳևՈՐԱԿԱՆԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼՈՒ ՀԻՄՔ Է ԾԱՌԱՅԵԼ ԱՅՆ ՓԱՍՏԸ, որ ավելի վաղ Սարոյանը վիճարկել էր Գարեգին Բ-ի հունվարի 10-ի կարգադրությունը, որով ինքը հեռացվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Արձանագրվել է, որ վերջինս, վիճարկելով թեմական առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու և Մայրավանք վերադառնալու Հայրապետական տնօրինությունը, փաստացի խախտել է իր հնազանդության ուխտը և հայց ներկայացրել քաղաքացիական դատարան ընդդեմ Սուրբ Էջմիածնի ՝ պահանջելով վերականգնել իրեն վանահոր պաշտոնում:
Գերագույն հոգևոր խորհուրդը, ուշադրություն դարձնելով նաև հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր եղբայրակից հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Գևորգ եպիսկոպոսի հնչեցրած զրպարտչական մեղադրանքներին, խստորեն դատապարտեց նման վարքագիծը՝ անվանելով դա եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության և եկեղեցական միասնության սկզբունքների կոպիտ խախտում և առաջարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարգալույծ հայտարարել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին:
Հիմա բացատրենք մատների վրա: Կա Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր հազարամյա կանոններով։ Նա պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ Աշխարհիկ իշխանությունը պարտավորվել է հարգել ՀԱԵ-ի դերը, նրա իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրա գործերին։ Ինչպե՞ս պարտավորվել։ Հնարավոր ամենաբարձր մակարդակով. ՀՀ Սահմանադրությամբ՝ երկրի Հիմնականում օրենքով։
Որևէ այլ մոտեցում նախատեսված չէ, և Հայ Առաքելական Եկեղեցին հենց այդպես էլ իրականացնում է իր գործունեությունը։ Գևորգ Սարոյանին եպիսկոպոսի կոչում է շնորհել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ամեն ինչ նորմալ է. նրա իրավունքն է: Նշանակել է Մասյացոտնի թեմի առաջնորդ. Կաթողիկոսի անվերապահ իրավունքն է, դա չի քննարկվում:
Անցնում է մի որոշ ժամանակ: Գևորգ Սարոյանն իրեն անպատշաճ է պահում, ինչպես նկարագրված է վերը, իր թեմի քահանաներից պահանջում է խախտել պատարագի սահմանված կանոնները: Կաթողիկոսն ազատում է նրան թեմի առաջնորդի պաշտոնից: Եվ… իշխող կուսակցության մատուցմամբ հանկարծ պարզվում է, թե Կաթողիկոսը դրա իրավունքը չունի, քանի որ երիտասարդ տարիներին, իբր, խախտել է կուսակրոնությունը, ուստի Նիկոլ Փաշինյանը համարում է, թե Գարեգին Երկրորդը Կաթողիկոս չէ… Փաշինյանն է այդպես համարում։
Այսինքն թեմի առաջնորդի պաշտոնում Սարոյանին նշանակել Գարեգին Բ-ն կարող էր, ազատել՝ ոչ։ Այդպես է համարում Փաշինյանը, որը թքած ունի, որ Գարեգին Բ-ն Կաթողիկոս է ընտրվել 1999 թվականին ՀԱԵ Ազգային-հոգևոր ժողովի կողմից։
«Գևորգ Սարոյանը մնում է թեմի առաջնո՛րդ»,- Փաշինյանի հրահանգով ճղավում են Նիկոլի զոմբիների բոլոր խաչմերուկներում, ուժայիններից պահանջում ապահովել եպիսկոպոսի՝ որպես թեմի առաջնորդի իրավունքները… Եվ ուժայինները, խախտելով Սահմանադրությունը, ենթարկվում են դրան, նույնիսկ ոչ թե հրահանգին, այլ Փաշինյանի քմահաճույքին։
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՍԱՐՈՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ, և դատարանը կասեցնում է Կաթողիկոսի որոշումը… Ասես խոսքը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հազարամյա կանոնների մասին չէ, այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատու-աշխատող հարաբերությունների…
Գերագույն հոգևոր խորհուրդը հավաքվում է և որոշում կայացնում զրկել Գևորգ Սարոյանին եպիսկոպոսի կարգից, ինչպես ասված է վերը՝ պառակտիչ գործունեության համար: Կաթողիկոսը տալիս է համապատասխան կարգադրությունը։ Իշխող կուսակցությունը տիեզերացունց վայնասուն է բարձրացնում. «Սարոյանը մնում է եպիսկոպո՛ս»». Դե, որովհետև Փաշինյանն այդպես է համարում … Եվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցում Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի դեմ: Իբր, անտեսվել է դատարանի որոշումը Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու Կաթողիկոսի նախկին կարգադրության կասեցման մասին… Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, եթե նա այլևս հոգևորական չէ, նա աշխարհիկ է:
Այսինքն, ըստ Փաշինյանի տրամաբանության, Սարոյանին կարգ շնորհել Կաթողիկոսը կարող էր, իսկ կարգից զրկել՝ չի կարող։ Սա մոտավորապես նույնն է, թե այս կամ այն կուսակցության, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամին հեռացնեն կուսակցությունից իրենց ներքին կանոնադրության համաձայն, իսկ դատարանը վճռի, թե հեռացվածը պիտի շարունակի մնալ կուսակցության անդամ:
Գևորգի, այսուհետ Արման Սարոյանի հետ կապված ողջ այս պատմությունը ևս մեկ օրինակն է, թե ինչպես է երկիրը հնազանդվում իր մասին շատ մեծ կարծիք ունեցող մարդու բռնապետությանը: Որը յուրացրել է երկրում գործող բոլոր կառույցների, այդ թվում ՝ դատականի փոխարեն որոշում կայացնելու իրավունքը։ Օրենքի, երկրի Սահմանադրության կոպտագույն խախտումներով։
Տվյալ կոնկրետ դեպքում ամեն ինչ արվում է, որպեսզի հարուցված քրեական գործի պատրվակով Գարեգին Բ-ին արգելվի մասնակցել փետրվարի երկրորդ կեսին Ավստրիայում կայանալիք Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին:
Դե, իսկ լուսավորյալ արևմտյան աշխարհի և այնքան սիրելի Եվրոպայի առջև արդարանալու համար, որտեղ Փաշինյանին կանոնավորապես հրավիրում են տարատեսակ հեղինակավոր հավաքույթների, գործի է դրվել Եվրոպայի սրտին այնքան հաճո հեքիաթը «հիբրիդային պատերազմի» մասին, որը «ժողովրդավարության բաստիոնի» դեմ վարում են տեղից վերկացող բոլորը՝ հյուսիսային մի հարևանի մատուցմամբ։ «Հիբրիդային պատերազմին» հակազդեցության այդ սոուսի տակ կատարվում ու արդարացվում են ամենազազրելի արարքներ։
Հիշենք, թե ինչպես դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Ինչպես բանտային ռեժիմով մահվան հասցրեցին Մանվել Գրիգորյանին. Հիշենք, թե ինչպես վարչապետի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց երիտասարդ կնոջը և կանգ չառավ՝ տեսնելու, թե ինչ եղավ, առաջին օգնություն ցուցաբերելու, գուցե մարդուն դեռ կարելի էր փրկել։ Երևի այդ ավտոշարասյունը կանգ չառավ և առաջին օգնություն չցուցաբերեց այն պատճառով, որ չափազանց ինքնագոհ ոմն մեկը վախենում էր, թե ողբերգությունը կազմակերպել են նրանք, ովքեր «հիբրիդային պատերազմ» են վարում «ժողովրդավարական» իշխանության դեմ։
Հ.Գ. – Էդմոն Մարուքյանի ձևակերպումը. «Ընտրություններից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում բոլոր ինստիտուտների, բոլոր մարմինների յուրացում»:
