ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է այն որոշումը, որով զինված ուժերում փաստացի դադարեցվում է հոգևոր ծառայությունը։
Այսօր` ավելի վաղ, Sputnik Արմենիան գրել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։
Նախարարը նշել է, որ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով է հրապարակում հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը:
Ըստ հրամանի` ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2000 թվականի հուլիսի 19-ի «ՀՀ զինված ուժերում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին» N 728 հրամանը:
«2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Ապահովել մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ»,–նշված է հրամանում։
Նախարարի որոշման մեջ նշվում է, որ պարտադիր պայման է հանդիսանալու, որ ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններում լինեն ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր կրթություն ստացած մարդիկ։ Պահանջվում է 3-օրյա ժամկետում ներկայացվել առաջարկություններ։
