Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի շուրջ ծավալվող քննարկումներն արդեն դուրս են եկել զուտ եկեղեցական գործընթացների շրջանակից և ստացել քաղաքական ու իրավական վտանգավոր երանգներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավիճակն այսպես գնահատեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է ամեն կերպ խափանել ժողովի անցկացումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ավելի վաղ Հայաստանում դեկտեմբերի 10–12–ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
«Ես արդեն մտածում եմ, որ ձախողման ուղղությամբ գործուն քայլ են արել։ Սա ապօրինի քրեական վարույթ է, որն ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Քրեական գործը հարուցվել է «դատական ակտը չկատարելու» հիմքով, սակայն սա միայն առաջին փուլն է։ Քանի որ քրեական գործը փաստի առթիվ հարուցվում է, հետո ինչ-որ ընթացակարգ է գնում, X օր հետո ֆիգուրանտներ են հայտնվում այդ գործում՝ մեղադրյալի, տուժողի, վկաների և այլնի կարգավիճակով»,– ասաց նա։
Վերլուծաբանի կանխատեսմամբ՝ հենց այս քրեական գործը կարող է օգտագործվել որպես իրավական պատրվակ՝ արգելելու վեհափառի և այլ բարձրաստիճան հոգևորականների ելքը երկրից։ Նրա խոսքով՝ նպատակը մեկն է՝ տապալել Վիեննայի մերձակայքում նախատեսվող եպիսկոպոսաց ժողովը։
«Դատարանը վարույթ է ընդունել մի գործ, որի իրավասությունը չուներ։ Թեմակալ առաջնորդի ծառայությունն իրականացվում է ուխտի շրջանակներում և չի կարգավորվում աշխատանքային օրենսդրությամբ, հետևաբար չէր կարող դառնալ քաղաքացիական դատարանի քննարկման առարկա։ Դատարանի որոշմամբ Արման Սարոյանը վերականգնվել է պաշտոնում, ապա հետագայում կարգալույծ է արվել, ինչը իրավաբանորեն կարող է դիտարկվել որպես դատական ակտի չեղարկում։ Սա Սահմանադրության առնվազն երկու հոդվածների կոպիտ խախտում է և Քրեական օրենսգրքի 441 հոդվածի հատկանիշներով հանցագործություն»,– շեշտեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` իշխանությունների հիմնական մտավախությունն այն է, որ Եպիսկոպոսաց ժողովը կարձանագրի Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց դասի միասնական դիրքորոշումը։ Սուրենյանցը համոզված է` եթե ժողովն անցկացվեր Մայր աթոռում, այն աղմուկով կամ ռեպրեսիվ միջոցներով խանգարելու փորձեր կարվեին։
«Հիմա այն անցկացվում է մի վայրում, որտեղ իրենց ձեռքերը չեն հասնելու։ Այդ ժողովը կարող է արձանագրել, որ եպիսկոպոսաց դասի մեծամասնությունը հավատարիմ է իր ուխտին, վեհափառին և Մայր աթոռին։ Չնայած իշխանությունների գործադրած ջանքերին՝ եկեղեցու ներսում նրանց համակիրների՝ տիրադավների թիվը բավարար չէ ժողովը տապալելու համար կանոնիկ մարմինների միջոցով»,– ընդգծեց Սուրենյանը։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` իշխանությունն անելու է հնարավոր ամեն բան` «իրավական» գործիքակազմով արգելելու համար վեհափառի, գուցե նաև այլ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների մասնակցությունը այդ ժողովին։
