Логотип

Խամենեի․ Եթե ԱՄՆ-ն պատերազմ սանձազերծի, այն տարածաշրջանային մասշտաբների կհասնի

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն պատերազմ սանձազերծի, այս անգամ այն տարածաշրջանային մասշտաբներ կընդունի:

«ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե պատերազմ սանձազերծի, այս անգամ պատերազմը տարածաշրջանային մասշտաբներ կընդունի», – ասել է Այաթոլլա Ալի Խամենեին, որի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Իրանի վերջին անկարգությունները, որոնք ուղեկցվում էին ջարդերով և հարձակումներով, ավելի շատ նման էին պետական հեղաշրջման փորձի, սակայն այն ճնշվել է, հավելել է Խամենեին: Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, «բայց ի պատասխան նրան, ով ագահ կլինի, կցանկանա հարձակվել և վնասել, Իրանի ժողովուրդն ամուր հակահարված կտա»:

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը հնչել են Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին: Հունվարի 29-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի 15 պաշտոնյաների և 6 իրավաբանական անձանց նկատմամբ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ միությունը որոշել է իրանական ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ-ն ռազմավարական սխալ է թույլ տալիս, իսկ Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ այդ քայլի պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի եվրոպացի քաղաքական գործիչների վրա:

Սերբիայի նախագահ Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ի հարձակումն անխուսափելի է, և Իրանի վրա հարվածը կարող է տեղի ունենալ 48 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմը» ուղղվում է դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակներում՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումն ավելի վատ կլինի», և կոչ է արել «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:

Sputnik Արմենիա