Փաստաբան Արամ Վարդևանյանը Հայ Առաքելական եկեղեցու և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կներկայացնի փետրվարի 2-ին և 3-ին՝ Վաշինգտոնում կայանալիք Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
Նրա կարծիքով՝ այս տարի գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, քանի որ մի շարք գործոններ լուրջ խոչընդոտ են դարձել երկրում կրոնական ազատության իրականացման համար։ Դրանց թվում են Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները, քաղաքական ճնշումներն ու միջամտությունները, ինչպես նաև հոգևորականների, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և ազգային բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ ճնշումները։
Փաստաբանը նաև ընդգծել է Արցախի հայ քրիստոնյա ժողովրդի իրավունքների խախտումը։
«Ունենք եկեղեցիներ ու վանքեր, որտեղ նվազագույն կրոնական ազատության իրացման, նույնիսկ աղոթք անելու հնարավորություն չկա»,- ասել է նա։
Վարդևանյանը վստահություն է հայտնել, որ այս հարցերը պետք է պատշաճ կերպով ներկայացվեն միջազգային ֆորումներում, այդ թվում՝ վերոնշյալ գագաթնաժողովում։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։
Armenia Today
